Անցնել բովանդակությանը
Վահան Թեքեյան

Վահան Թեքեյան

1878–1945

Բանաստեղծ 342 բանաստեղծություն 13 ժողովածու

Վահան Թեքեյանի կենսագրությունը

Վահան Թեքեյանը (հունվարի 21, 1878, Կ. Պոլիս — ապրիլի 4, 1945, Կահիրե) արևմտահայ բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր և ազգային-հասարակական գործիչ է։ Համարվում է արևմտահայ դասական քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը և սփյուռքահայ պոեզիայի հիմնադիր դեմքը. ժամանակակիցները նրան կոչել են «բանաստեղծության իշխան»։

Մանկությունը և կրթությունը

Ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կոստանդնուպոլսի Օրթաքյոյ թաղամասում՝ Գալուստ Թեքեյանի ընտանիքում։ Կրթությունն ստացել է Պոլսի հայկական վարժարաններում. սովորել է Ներսիսյան և Պերպերյան վարժարաններում, ապա Կեդրոնական վարժարանում, որի հետ նրա կապը շարունակվեց նաև հասուն տարիներին։ 1896 թվականին՝ համիդյան ջարդերի մղձավանջային տարում, տասնութամյա երիտասարդը թողեց Պոլիսը՝ որպես առևտրական ծառայող մեկնելով Եվրոպա։

Կյանքը

Առևտրական գործով ապրել ու աշխատել է Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ապա հաստատվել Եգիպտոսում։ 1905 թվականին Ալեքսանդրիայում գրող Միքայել Կյուրճյանի հետ հիմնել է «Շիրակ» գրական հանդեսը, իսկ 1908-ի օսմանյան սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Պոլիս, որտեղ 1909 թվականից «Շիրակը» լույս էր տեսնում որպես շաբաթաթերթ։ 1914-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, գտնվում էր Եգիպտոսում. այդ պատահականությունը փրկեց նրա կյանքը՝ 1915-ի ապրիլին ձերբակալված ու ոչնչացված արևմտահայ մտավորականների ճակատագրից։ 1916 թվականին խմբագրականներից մեկի պատճառով քաղաքական հակառակորդների կազմակերպած հարձակման զոհ դարձավ. դաժան ծեծի հետևանքով կորցրեց մեկ աչքի տեսողությունը։ Զինադադարից հետո վերադարձել է Պոլիս, խմբագրել «Ժողովուրդի ձայն» թերթը և ղեկավարել Կեդրոնական վարժարանը, սակայն 1920-ականների սկզբին, քեմալական շարժման հաղթանակից հետո, վերջնականապես հեռացավ ծննդավայրից։ Հաստատվեց Կահիրեում, որտեղ մինչև կյանքի վերջը խմբագրում էր «Արև» օրաթերթը։ Մահացել է 1945 թվականի ապրիլի 4-ին Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում. թաղված է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Ստեղծագործությունը

Առաջին ժողովածուն՝ «Հոգեր»-ը, լույս է տեսել 1901 թվականին Փարիզում և անմիջապես նրան ճանաչում բերել արևմտահայ գրական շրջանակներում։ Հաջորդեցին «Հրաշալի յարութիւն»-ը (1914), Մեծ եղեռնի ցավն ու վերապրումի հույսն արտացոլող «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս»-ը (1919, Փարիզ) և հասուն շրջանի ստողծագործայաբ գագաթնակետը՝ «Սէր» ժողովածուն (1933, Փարիզ)։ Կյանքի վերջին տարիներին Կահիրեում հրատարակվեցին «Հայերգութիւն»-ը (1943) և «Տաղարան»-ը (1944)։ Նրա ամենահայտնի բանաստեղծություններից են «Եկեղեցին հայկական»-ը, «Պիտի ըսենք Աստուծոյ»-ն, «Ես սիրեցի»-ն։

Թեքեյանը հայ սոնետի անգերազանցելի վարպետներից է. նրա խոսքը զուսպ է, ներհայեցողական ու երաժշտական՝ հեռու ճոռոմությունից։ Գլխավոր թեմաներն են միայնությունն ու կորած սերը, հավատն ու կասկածը, ցեղասպանության վերքը և հայ ժողովրդի վերածնունդի հույսը։ Թարգմանել է Շեքսպիրի սոնետներից, Բոդլերից, Վեռլենից, Հյուգոյից և Ուայլդից՝ արևմտահայերենով ստեղծելով թարգմանական արվեստի նուրբ նմուշներ։

Հասարակական գործունեությունը

Բանաստեղծի կյանքն անբաժան էր ազգային գործից։ Տարիներ շարունակ ուսուցչություն է արել Պոլսի, Կիպրոսի և սփյուռքի հայկական վարժարաններում, ղեկավարել Պոլսի Կեդրոնական վարժարանը։ Ցեղասպանությունից հետո նվիրվեց որբերի խնամքի ու կրթության գործին՝ համոզված, որ վերապրած սերնդի ուսումն է ազգի ապագայի գրավականը։ 1921 թվականին եղավ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից, իսկ նրա խմբագրած «Արև» օրաթերթը դարձավ եգիպտահայ համայնքի և սփյուռքի ազդեցիկ ամբիոններից մեկը։

Ժառանգությունը

Թեքեյանի երկերի լիակատար ժողովածուն՝ ինը հատորով, լույս է տեսել Կահիրեում 1949–1950 թվականներին։ 1947 թվականին Բեյրութում հիմնվել է նրա անունը կրող Թեքեյան մշակութային միությունը, որը 1990 թվականից գործում է նաև Հայաստանում՝ դպրոցներով, մամուլով ու մշակութային ծրագրերով։ Նրա անունով վարժարաններ կան Երևանում, Գյումրիում և սփյուռքի բազմաթիվ համայնքներում, իսկ բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Սփյուռքահայ գրականության համար Թեքեյանը մնում է չափանիշ՝ աղետից հետո հայերեն խոսքը մաքուր ու արժանապատիվ պահած «բանաստեղծության իշխանը»։

Ժողովածուներ

Բոլորը →

Թեքեյանի հայտնի գործեր

Բոլորը →

Երազ ու կեանք

Ես չգտայ կեանքին մէջ,
Իր էջերուն մէջ հազար՝
Ճաճանչաւոր ոչ մէկ էջ
Իմ երազիս հաւասար…

երազկյանք +1

Վարպետին

Է՛ն տըխուր բանը կեանքին,
Տխուր՝ քանզի ծաղրելի,
Անցնիլը չէ, աւելի՝
Կենալն է իր տեղը հին։

ժամանակփիլիսոփայություն +1

«Տաղարան»-ից

Գ
Այս տաղերուն գաղտնիքը դուն, միայն դո՜ւն,
Իր խորութեամբն ու պարզութեամբը ծածուկ
Պիտի գիտնաս՝ երբ ուրիշներ օր մ՚երդնուն,

սերպոեզիա +1

Լուսնի գիշեր

Լուսնի գիշեր մը կերգէր
Մարդն անծանօթ ու անտես…
Բաց դաշտին մէջ, տանըս մօտ,
Ձայնով մը տաք, յորդաբուխ,

գիշերսեր +1

Ձեռքի մը

Օ՜հ, այն գիշե՜ր, այն գիշե՜ր… Մութը ի՞նչ մեծ բարեկամ
Մ՚ինծի եղաւ ու ներեց համարձակիլ ու պնդել…
Ինչպէ՜ս այսքան ատեն վերջ դեռ իր բարիքը կը զգամ,
Զայն կը տեսնեմ՝ մեր վրայ նետուած զերդ քող մը անթել…։

սերկիրք +1

Թէ պատահէր

Թէ պատահէր, որ նորէն՝ դուռս մեղմիւ զարնըուէր
Այս առաւօտ, քիչ յետոյ, վայրկեանէ մը, ահ, հիմայ…
Ու սրտատրոփ պատասխան տայի… և, ահ, անիկա՝
Արքեհասակ, վարանոտ, ներս գալով զիս բարևէր…։

սերկարոտ +1

Հաճախ հանդիպող թեմաներ

Ըստ տեսակի