Անցնել բովանդակությանը
Աշոտ Գրաշի

Աշոտ Գրաշի

Աշոտ Բաղդասարի Գրիգորյան

1910–1973

Բանաստեղծ 7 բանաստեղծություն

Աշոտ Գրաշու կենսագրությունը

Աշոտ Գրաշին (իսկական անունը՝ Աշոտ Բաղդասարի Գրիգորյան, մայիսի 9, 1910, Բաքու — փետրվարի 28, 1973, Երևան) հայ բանաստեղծ և թարգմանիչ է։ Գրական անունը կազմել է ազգանվան և անվան սկզբնատառերից՝ Գր-Աշ-ի։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1935 թվականից։ Հայ երգարանի շատ հանրաճանաչ երգերի բառերը նրանն են, թեև ունկնդիրը հաճախ դա չգիտի։

Մանկությունը և կրթությունը

Ծնվել է 1910 թվականի մայիսի 9-ին Բաքվում. ընտանիքի արմատները Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից են, որին բանաստեղծը հետագայում առանձին բանաստեղծություն է նվիրել։ 1929 թվականին ավարտել է Բաքվի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական դպրոցը, 1933 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Կյանքը

Համալսարանից հետո վերադարձել է Բաքու. 1933-1946 թվականներին վարել է Վ. Ի. Լենինի անվան գրադարանի հայկական բաժինը, եղել Ադրբեջանի Գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղար և «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի ու գրականության բաժնի խմբագիր։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

Խորհրդային տարիներին գրաքննադատները նրան հաճախ «աշուղ» էին անվանում՝ մեղադրելով գաղափարական խորության պակասի և իրականությունից բնության մեջ փախչելու համար։ Ավետիք Իսահակյանը այն քչերից էր, որ պաշտպանեց նրան. «Նա գարնան արտույտի պես նետվեց երկինք՝ աշխարհով մեկ Ղարաբաղի գովքը հնչեցնելու»։

Մահացել է 1973 թվականի փետրվարի 28-ին Երևանում։

Ստեղծագործությունը

Առաջին ժողովածուն՝ «Մուտք»-ը, լույս է տեսել 1934 թվականին։ Հաջորդել են «Քնարական» (1939), «Իմ գարունը» (1946), «Սարերի սրինգը» (1957), «Ծիածանի յոթ երգը» (1961) գրքերը, իսկ մահից հետո՝ «Կռունկների աղբյուր» (1976) ժողովածուն։ Բանաստեղծություններից շատերը ղարաբաղյան թեմայով են։ Ռուսերենից և ադրբեջաներենից թարգմանել է Պուշկինի, Նեկրասովի, Սամեդ Վուրղունի, Նիզամու, Ջամու և վրացի բանաստեղծ Գեորգի Լեոնիձեի գործեր։

Նրա տողերով երգեր են գրել Արամ Խաչատրյանը («Գարուն Երևան»), Առնո Բաբաջանյանը («Ազգ իմ փառապանծ»), Ալեքսանդր Դոլուխանյանը («Երևանի գիշերները»), Ստեփան Ջրբաշյանը («Հայոց կռունկներ») և ամենից շատ՝ Ալեքսեյ Հեքիմյանը («Բարի արագիլ», «Շաղոտ-շողոտ», «Անուշիկ իմ մայրիկը», «Ղարաբաղի եղնիկ»)։ Հեքիմյանի որդու՝ Միքայելի վկայությամբ, ղարաբաղյան թեման կոմպոզիտորի մոտ ծնվել է հենց Գրաշու հետ ծանոթանալուց հետո. այդ ծանոթությունն էլ նրան 1981 թվականին տարավ Արցախ ու Թաղավարդ։

Ժառանգությունը

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և «Պատվո նշան» մեդալով։ 1990 թվականից Թաղավարդի դպրոցը կրում է նրա անունը՝ Ալեքսեյ Հեքիմյանի առաջարկով, իսկ Ստեփանակերտում նրա անունով փողոց կա։ Ծննդյան 100-ամյակին (2010) հայրենակից գրող Վանիկ Սանթրյանը կազմել ու հրատարակել է «Արի գնանք Ղարաբաղ» ժողովածուն՝ 1934-1954 թվականների պոեզիան և երգ դարձած բանաստեղծությունները։

Առնո Բաբաջանյանի խոսքը, ասված Մոսկվայում «Ազգ իմ փառապանծի» առաջին կատարումից առաջ, մնում է Գրաշու պոեզիայի ամենադիպուկ բնութագիրը. «Եթե անգամ մենք երաժշտություն չգրենք, Գրաշու բանաստեղծությունը երգ է»։

Գրաշիի հայտնի գործեր

Բոլորը →

Սիրո մեղեդի

Հայուհի գեղեցիկ,
Այս բարդու շվաքում,
Իմ հոգին գերեցին
Աչքերդ երկնագույն։

սերկարոտ +1

«Ես այսօր մեռա հին անտառում…»

…Ես այսօր մեռա հին անտառում,
Շուքերի ներքո կաղնենու հին,
Ինձ վրա լացին բարակ առուն
Եվ բարակ խոտը ցողն աչերին։

մահբնություն +1

Բարի արագիլ

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան,
Ունեմ օթևան,
Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր։

հայրենիքգարուն +2

«Եվ երբ գնում եմ ես օտարություն…»

…Եվ երբ գնում եմ ես օտարություն,
Քնքշորեն գրկած տանում եմ ինձ հետ,
Ձե՛զ, իմ հայրենի ա՜րտ ու արահե՜տ,
Եվ քե՜զ, կիրճերում հառաչող իմ գե՜տ։

պանդխտությունհայրենիք +2

Իմ դարի օրհներգը

Բարի լույս բոլոր ժողովուրդներին
Եվ բարի գիշեր,
Բարի լույս նրանց բյուր որդիներին
Եվ բարի գիշեր։

խաղաղությունմարդ +1

Հայաստան աշխարհ

Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա։
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի։

Հայաստանհայրենիք +2

Հաճախ հանդիպող թեմաներ