Անցնել բովանդակությանը

Եղերերգ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Տղու մը վրայ, որ սիրոյ համար անձնասպան եղաւ։ Չսպասեցիր քնանալ հասկերուն մէջ ցորենի, Երբ ցերեկուան արևին կը ծածանին դեղին փառ. Առաւօտուն ուզեցիր, որ հասակդ պարմանի1 Ծաղկանց վրայ երկննայ, իբր իր ստուերն՝ անբարբառ…։ Երազներու հոյլին տակ աչքերդ իսպառ փակեցիր. Ի՜նչ միամիտ, ի՜նչ սիրուն՝ մինչև մահուան եզերքն ալ, Երբ պատրանքի մը շիջմամբ մթընցաւ կեանքըդ անծիր, Եվ տենչացիր դէպի մեծ, գերագոյն մութը երթալ…։ Ո՞վ կ՚ըսէ թէ՝ երջանիկ չեղար այդպէս, հե՜գ տղայ։ Մարմինդ որդերը կերան, բայց սէրդ անշուշտ ապրեցաւ… Թերևս սա ճաճանչն է, որ գետնին վրայ կը խաղայ, Թերևս հիմայ կը վազէ հովերուն մէջ խոլարշաւ, Կամ սա դէմի բլուրէն հեծող սրինգն է հիմայ, Եվ կամ, թերևս ներշնչումս, որ այս գիշեր քեզ կուլայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Պարմանի — պատանի

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 16