Անցնել բովանդակությանը

Ողբ

«Գ. շրջան. 1915-1920» ժողովածու

Ո՞ր խորունկ ողբը երբեք պիտի կրնայ արձագանք Տալ խորտակուած ու լքուած մեր սրտերուն խեղճութեան… Այսուհետև մենք ինչպէ՞ս պիտի, Աստուա՜ծ իմ, կրնանք Մտաբերել միմիայն, խորհիլ, յուսա՜լ ապագան… Տարիներո՜վ հեռաւոր, անմատչելի, ցանկալի Մեր երազն էր եղած ան, որ խաւարին ներքև լոյս Եվ անդունդին վրայ երկինք և մեր աղբիւրն էր կեանքի, Որ Այսօրուան մէջ Վաղն էր՝ միշտ գեղեցիկ և մի՜շտ կոյս… Ո՞ր գիշերին մէջ յանկարծ, անէութեան նման մութ, Երբ մարեցան դժոխքի ջահերն անգամ սոսկումէ, Մարդադևեր յղացան տալ այս հարուածը անգութ, Ո՛վ դժբախտ ազգ, այս հարուածն, որ քեզ սրտէդ կը զարնէ, Որ կը սպանէ սաղմերն իսկ ամէն յոյսի, հաւատքի Եվ կը թողու մեզ երկրի վրայ մեռե՛լ կենդանի…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ողբ» սոնետ բանաստեղծությունը («Գ. շրջան. 1915-1920» ժողովածուից) Հայոց ցեղասպանության և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Գ. շրջան. 1915-1920
Տողերի թիվ 14