Անցնել բովանդակությանը

Վարազդատ

«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու

Աւելի արագ, քան նետն աղեղին, Աւելի աշխոյժ, քան իր յոյսն անսանձ, Զոր տարիներով սնուց կաթոգին Օտար երկընքի մը տակ անթափանց Եվ օտար ու ցուրտ աչքերու ներքև, Հիմայ, դաշտերէն ու անտառներէն Կը սուրա՛յ և իր արշաւին առջև Կը կենայ՝ պարտեալ մըրրկոտն երէն…։ Գիտէ, թէ հեռուն գահն Արշկունեաց Բացած է թափուր բազուկներն իրեն. Թէ իրեն նոյնպէս՝ սրտեր լայնաբաց Կը սպասեն հեռու հայրենի երկրէն. Կը ժպտին ահա Մասիսք երկոքին1, Վեհաշարժ սոսիք կարծես մեծ բարև Մը կուտան իրեն, մինչ Եփրատն անդին Կը քակէ իր դէմ գօտին հրանձրև… Ա՛հ, շուտ, հիմայ շո՛ւտ, հայերու աստուած, Իշխանը հայոց հասցուր իր փառքին… Բայց յանկարծ, ժայռէն սա՛ սեպազանգուած Ժանտահոն դէմքեր դուրս կը սողոսկին Եվ իր լուսեղէն ճամբան կը կտրեն… Կը թոթուէ զանոնք իր շուրջ՝ զերթ տերև Եվ ահեղ թափով մը կ՚ոստնու գետնէն՝ Հրաշալի՜ կամուրջ Եփրատի վերև…

Ծանոթագրություններ

  1. 1 Երկոքին — երկուսով

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հայերգութիւն ա շրջան 1901-1908
Տողերի թիվ 24