Արտաշէս բ-ի գերեզմանը
«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու
Ահա նորէն բացուեցաւ գերեզմանին հայրենի
Երախը լայն, ուր ինկան անթիւ քաջեր ինքնազոհ…
Նորոգուեցաւ թարմ արեամբ պատմուճանը ծիրանի
Եվ սարսռացին անոր տակ ոսկորները հնածոյ…
Արքայորդի՛, միայն դուն խոժոռադէմ, սեպաձև,
Կանգնած եզերքը փոսին՝ մութ խորհուրդներ կ՚որոճաս…
Կ՚ընկղմի շուրջդ աշխարհ և արևը քեզի սև
Կ՚երևայ, ռումբ մը ինչպէս կործանումի վերահաս…
Արքայորդի՛, օ՜ն, թոթուէ՛ քու տրտմութիւնդ եսական…
Եղերամարք1 թող հեծեն և թող գանձեր մեծագին
Թաղուին անհետ և ըլլան յաղթանշանն իր փառքին…
Դեռ թաց աչքեր, տե՛ս, ինչպէս յուսալից քեզ կը դառնան
Եվ կ՚որոնեն սուրն աջիդ…։ Օ՜ն, քաշէ՛ զայն և քեզ հետ՝
Մութ հոգիները վարէ՛ դէպ հորիզոնն արփաւետ…։
Ծանոթագրություններ
- 1 Եղերամարք — եղերամայրեր, հնում մեռելի վրայ լացող կանայք
Թեմաներ