Մենավոր
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Դեկտեմբերի պայծառափայլ իրիկուն.
Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ,
Ուղեկորույս հովը կ'անցնի մայելով։
Վըճիտ լույսերն աստղերուն
Արյուն կու լան սառույցին վրա լըճակին։
Հոգիս կառչած մըտածումի մը համառ՝
Կը սպասե գոց պատուհանին ետև լուռ…
Չեկա՜վ. — «Եվ ա՞լ պիտի չը գամ» — ըսավ ան։
Որբ շեմիս վրա մըխիթարիչ քայլն անոր
Պիտի բընավ չըծաղկի.
Եվ դեռ հոգիս կը սպասե՜։
Ի՜նչ մենավոր սենյակ, ի՛նչ կյանք մոռցըված.
Հիշատակի մը մեջ հանկարծ կը փըղձկի
Սիրտըս տըրտում… կը փըղձկի…
Ըզգացումներն այսպես կուլան մութին մեջ,
Քաղցըր, տըրտում, անհագուրդ։
Եվ կը խըմեն շրթունքներս
Արտասուքներս հոսանուտ։
Ո՜հ, ի՞նչ ցուրտ է հոս, Տե՛ր իմ.
Հանգեր է կայծը վերջին
Կրակարանիս մեջը քամի՜ն կ'ողբերգե։
Կը զգամ եղյամն այս թողլըքված խուցին մեջ,
Որ մազերուս վըրա սև
Ձյունասպիտակ Տաղիկներն իր կը բանա.
Բոլոր աստղերն, երկինքեն վար սառնաշիթ,
Օրհասական յուղն օծման
Ճակատիս վրա կը հեղուն։
Կահերուն տակ թաքթաքուր
Ամեն վայրկյան մութն ավելի կը բարդի,
Կը տարածե անկողինիս վրա արդեն
Դամբանական ծածկույթը իր սևաշղարշ։
Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
Լամբարիս լույսը մատնիչ.
Վարագույրիս ժանյակներեն կաթկըթող
Լուսընկան բա՛վ է ինծի։
Մարզիկներուն շըռայլորեն տալե վերջ
Ավյուն և սեր, ծաղիկներն իմ էության,
Գըտնել զանոնք միշտ ծանծաղ,
Գըտնել Աստված միշտ ըսփինքս
Ոչնչությունը պըճնող,
Եվ հեռացվիլ այն սիրելի էակեն՝
Որուն թարթափը կոպերուն կը բավեր
Արծարծելու համար կրակներն արյունիս,
Միսիս ճենճերն, սըրտիս բուրվառն հոտևան,
Հիմա, ավա՜ղ, ի՞նչ կը մընա ալ ինծի.
Մոխի՜ր, մոխի՜ր, և ավերակ. և նույնիսկ
Խորունկ սոսկում միմ իսկ անձիս նայելու։
Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
Լամբարիս լույսը մատնիչ։
Երբ ա՜լ դատարկ է հողին
Ահավոր է տեսնել հատակը անոր։
Փլատակներուս կանգուն մնացած կատարին
Լուսնին ոսկի ծեփող մեկ շողը բա՛վ է։
Ես չեմ ուզեր լամբարիս լույսը մատնիչ.
Բայց լուսինն ալ, ավա՜ղ, լուսինն ալ ահա
Հո՜ն, դըրացի երդին ետև ծածկվեցավ։
Հովը կու լու, կը կաղկանձե, կը թըռչի։
Կրակարանիս մեջ պաղեր է մոխիրն իսկ։
Հովը կ'ոռնա… հովը բացավ մեղմորեն
Պատուհանիս փեղկը հին։
Ո՜հ, ո՜վ Տեր իմ, ո՜վ Տեր իմ,
Չայցելված այս սենյակը որքա՜ն ցուրտ է.
Արցունք մ'ահա մարգարտի պես սառեցավ
Ծայրին վըրա թարթիչիս,
Եվ սիրտս դեռ տըրտո՞ւմ տրտո՜ւմ կը փըղձկի։
Թեմաներ