Անցնել բովանդակությանը

Խեղդված միջատը

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Գարնան բույրերեն արբշիռ ինկար դուն Աչքիս մեջ՝ որ քեզ ծով մ'եղավ անհուն։ Ափունքի մ'հույսով ի զուր լըլկեցիր Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա՝ Որոնց տակ կ'ապրեր ցավը դավադիր, Ցա՛վն՝ որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ։ Հետո կոպս իջավ վըրադ ամպի պես՝ Եվ բիբըս, հոգվույս լույսով ողողված, Գերեզմանդ եղավ։ Նույն արցունքն ըզքեզ Ըսպաններ, և նույն արցունքը ողբաց։ Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով Քավեցիր, ես իմս՝ ակամա լացով։ Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն՝ Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ՝ Կարծելով երգիդ ականջ կը դընեն Իրերը բոլոր, կամ քուկդ է արփին Եվ տարափներուն մասրենին նըրբին։ Եվ քուկդ կ'ըլլար տիեզերքն անհուն՝ Երբոր կ'իշխեիր հորիզոններուն Մրըրկին թևին վրա։ Ո՜վ կյանք երջանիկ, Կ'անցնեիր ծաղրով կարծես անտառին Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ՝ քաղցրիկ՝ Խիժոտ գիհիներն հար կը խընկեին։ Բայց, ավա՜ղ, բախտիդ մարդն էր աչք տընկած, Եվ ահա քեզ այդ աչքին մեջ որսաց։ Հոն մեռար։ Վերջին բըզգյուններդ ողոք Մըտերիմ զեփյուռ մ'ի դո՜ւր կանչեցին Մահվանդ օգնության, ան չեկավ, ո՛չ ոք Իշխեց մոտենալ մարդկային աչքին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 30