Անցնել բովանդակությանը

Միջոն

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Երիտասարդներուն մահը նավաբեկության մը կը նմանի

Պղուտարգոս
Պատանի էր, հովերուն, ալիքներուն մեջ մեծցած, Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց։ Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած. Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ։ Միշտ ծըխամորճը բերնին մեջ կ'աշխատեր անխըռով. Նավը բոպիկ կը լըվար, կայմին կ'ելլեր ժիրաժիր. Վեր կը քաշեր շանաձուկն՝ անոր քիթեն որսալով. Եվ ամբարի մուկերուն կու տար երբեմըն նախճիր։ Ան մի առ մի կը ճանչնար աստղերն իրենց առաջնորդ. Կարծեմ նույնիսկ լըսած էր թընծկալն երկու Արջերուն։ Ան կը ճանչնար լուռ դավերն ալիքներուն քինահորդ. Եթե անգամ մ'ականջ տար Շընիկ աստղին հաչելուն։ Ան կը սիրեր ջուրին վրա աղկիոնի մը նըման Երգել, ու մերթ ցըռուկին նըստած՝ ոտքերը կախել Անդունդներուն փըրփրացայտ որկորին մեջ մոլեկան. Ան կը սիրեր իր թևերն Անհունին մեջ բաբախել։ Սինկափուրի առջև նավն երբ որ խարիսխ կը նետեր՝ (Ուր Միջոն սև բիբերով բոպիկ աղջիկ մ'էր սիրած) Արագաճեպ կը մագլեր թըռչարանեն դեպի վեր. Կը տընկեր դրոշն, հովերո՞ւն ճակտին մազերը տըված։ Ու կայմեն վար հեղեղվող պարաններուն մեջ ծըփուն Ան կը լողար… ի՛նչ ճապուկ ճախրեր կ'ըներ այդ տղան. Մերթ կը սողար օձի պես, մերթ փորձելով վիհն անհուն, Թըչարանին ճիշտ ծայրին կը թառեր ան բուի նման։ Չըվաններուն գաղտնիքներն ո՛չ ոք կար իր չափ լուծող, Անոնք իր իսկ մատերուն կարծես շիղերն ըլլային։ Երբոր քամին կը հուզեր լարերը այդ լուսացող Երգովն անոնց կ'արբենար, կը վերանա՜ր լուսինին։ Վե՜րն էր դարձյալ, երբ շանթեց օր մը մըրրիկն ախերոն. Նավուն ներքև կատաղի ցուլի պես ծովը խոպաց, Եվ ամպրոպի մ'հարվածով կոտրեցավ կայմն, ու Միջոն Գըլորեցավ աստղերեն՝ անդունդին մեջ լայնաբար։ Անհունի՜ն էր միացած մասնիկը այդ Անհունին… Բայց երբ մարմինը դըպավ խարակներուն թըխերանգ՝ Դըժբախտ Միջոն ցանկացավ. Հառած աչքերը նավին։ Խուսող ճերմակ առագաստն… իր դիակին գեթ պատանք։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 36