Առաջին ծիլեր
«Հացին երգը» ժողովածու
Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
Սերմերն։ Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
— Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
Քըրտինքիս ցողը վըրան։
Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
Տե՛ս, ցորեններն աղածրի։
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…
— Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
Եզիս շողիքը վըրան։
Կը փողփողին արտավարե արտավար
Կարծես կանանչ մոմիկներ։
Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն…
— Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
Արևուն շողը վըրան։
Կը զարդարե ամայությունը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…
— Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
Մատերուդ բույրը վըրան։
Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
— Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերեք անկե ծաղիկներ,
Բերեք վարդգույն ծաղիկներ,
Հընձվորին հո՜ւյսը վըրան։