Անցնել բովանդակությանը

Գարնան անձրև

«Հացին երգը» ժողովածու

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող Անձրևը չէ՛ ասիկա։ Գարնան ջաղբն է՝ որ ցանքերուն վրա անհուն Լուսացընցուղ կտեղա։ Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն, Տեղատարափ կթափին, Եվ կլվան իրենց լույսին մեջ փաղփուն Անդաստաններն ու այգին։ Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն, Եվ կտեղա ադամանդ. Կը լուսանան կույր աղբերակներն ու կ'երգեն Իրենց ծընունդն արգավանդ։ Անհունն ի վար կհեղեղվին շառաչուկ Մեծ կաթիլներ շափյուղա, Լի արևով, ցընծությունով, կապույտով, Ծիծաղներով սատափյա։ Մարգերը թաց կ'արտաշընչեն զովություն… Կը լըվացվին գառնուկներ… Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն, Կը լեցնե գյուղն ու եթեր։ Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ Իմ ցորյաններս համեցող Նոր ուժերով հորդահոսա՜ն կըձյուղին Կայլակներու մեջ ի լող։ Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս, — Ըստ իմ գյուղիս հեքիաթին — Կծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի, Եզնորդ մը՝ նման լուսինին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 28