«Բադերը վայրի թռան շվարած. —…»
1905
Բադերը վայրի թռան շվարած. —
Ո՞վ է արշավում մռայլ գիշերով.
Մրըրկի նման նժույգին նստած —
Ես եմ սլանում նիրհած դաշտերով։
Թռնիմ խոր երկինք, դեպ աստղերն անշեջ
Եվ սիրտս բանամ անհունության դեմ.
Ես սուզվել կուզեմ գոռ ամպերի մեջ
Եվ կայծակներով զարկըվել կուզեմ։
Գըծո՛ւծ ու նանիր մարդկանցից հեռո՜ւ,
Վախկո՛տ, նենգամի՛տ, կեղծ ու դավաճան,
Ստոր ու ստրուկ աշխարհից հեռո՜ւ,
Նյութին միշտ գերի, ագա՛հ ստության;
Աշխարհը չարժե քո արտասուքին,
Եվ կինն ու ընկեր՝ գգվանքիդ այդ ծով, —
Անապատ գնա՛ — սիրի՛ր վագրերին,
Եվ այրվիր անմահ արևի սիրով…
1905