«Արևն իջավ սարի գըլխուն…»
1891
Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն,—
Ա՜խ, ինձ համար քուն չըկա։
Լուսնյակն ընկավ երթիկից1 ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում։
Սիրո՛ւն աստղե՜ր, անուշ հովե՜ր,
Յարըս ո՞ւր է՝ էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր։
Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է, — թոն2 կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա՜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…
1891, Էջմիածին
Ծանոթագրություններ
- 1 երթիկ — տանիքի լուսամուտ/բացվածք։
- 2 թոն — մանր անձրև, տեղատարափ։