Արազին
1901
Մեր սարերեն, խո՛ր ձորերեն
Պըղտո՜ր-պըղտո՜ր կուգաս, Արա՛զ,
Մեր սրտերեն, խո՛ր աչքերեն
Արուն քամեր, կերթա՛ս, Արա՛զ…
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Ոլո՜ր-մոլո՜ր կերթաս, Արա՜զ,
Ա՜յ, սարե՜ր, ջան սարե՜ր,
Ալմաստի՛1 սարեր…
Քանի՜ հարուր-հարուր տարի
Մեր սրտերեն ելեր, կերթաս.
Մեր դարդերով, մեր ցավերով
Խոլո՜ր-մոլո՜ր3 կերթաս, Արա՛զ.
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Մեր դարդերով կերթա՜ս, Արա՛զ,
Ա՜յ սարեր, Հայ-սարե՜ր,
Ջան անո՜ւշ սարեր…
Ու դարերով, մեր դարդերով
Էս աշխարհի քար-ապառաժ,
Անգութ խըղճին միշտ զարնելով՝
Տըխուր-տըրտում կերթաս, Արա՜զ…
Մեր սարերեն, խոր ձորերեն
Արուն քամեր, կուգա՜ս, Արա՜զ.
Ա՜յ սարե՜ր, ջա՜ն ձորե՜ր,
Ջավահի՜ր2 սարե՜ր…
Ա՜խ, աշխարհը անխըղճմտանք
Քեզ չի գըթա, ազիզ — Արա՛զ,
Քու բողոքին, քու մորմոքին4
Չի էլ լըսի, արնոտ Արա՛զ…
Մեր սարերեն, խոր սրտերեն
Տըխուր-տըրտում կերթա՜ս, Արա՜զ.
Ա՜յ սարե՜ր, Հայ ձորեր,
Զմրուխտի սարե՜ր.
Դուն էլ, Արա՛զ, մեր արունով
Էս աշխարհի խըղճի վըրա
Դիզվի՛ր, դարձի՛ր սև — դառըն ծով,—
Թո՛ւյն ու արո՛ւն, ազիզ — Արազ…
Մեր սարերեն, մեր սըրտերեն
Արուն քամեր, կերթա՜ս, Արազ.
Ա՜յ սարեր, Հայ սարե՜ր,
Ջա՜ն, անուշ սարե՜ր,
Ալմաստի սարե՜ր…
1901, Վիեննա
Ծանոթագրություններ
- 1 ալմաստ — ադամանդ։
- 2 ջավահիր — գոհար, թանկարժեք քար։
- 3 խոլոր-մոլոր — մոլորված, խոտորված, տարուբերվող։
- 4 մորմոք — կսկիծ, սրտի ցավ, տառապանք։