«Ամպի փեշով մեկ հավք անցավ…»
1897
Ամպի փեշով մեկ հավք անցավ,
Անուշ կանչեց իմ յարին.—
Անուշ ձենով սիրտըս լըցվավ.
Յարըս անցավ, կուժն ուսին։
Էս աղբուրը գըլգըլալով
Քարփեն ծո՛ւփ-ծո՛ւփ կըփըռվի
Ծով-ծամերըդ ալի՛ք-ալի՛ք
Մարմար կըրծքիդ կըփըռվի։
Ա՜խ, նազիկ ջան, եղնիկ-աղջիկ,
Նարին կուրծքըդ թող պագեմ1.
Սերըս բոց է, սիրտըս խոց է,
Վառ-պաչերըդ2 դարման են;
Չէ ո՛ր, յա՛ր ջան, դավրըդ3 կերթա,
Կուրծքըդ նըշխուն4, շարմըղուն5
Հող ու մոխիր պիտի դառնա,
Զուր ինչո՞ւ ես խընայում…
1897, Մարմաշենի վանք
Ծանոթագրություններ
- 1 պագել — համբուրել։
- 2 պաչ — համբույր։
- 3 դավր — (բարբառային) ժամանակ։
- 4 նշխուն — նախշուն, զարդարուն։
- 5 շարմըղուն — շարմաղ, մետաքսե բարակ քողի նման նուրբ։