«Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու»
«Ծիածան» ժողովածու · «Կապույտը»
Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց։ —
Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ։
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր…
Միայն զգում էի ես՝ լուռ, տրտում այնպես՝
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում։
Եվ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու
Անշշուկ քնած։
— Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո—
Կապույտու՜մ մնաց։
Թեմաներ