…Եվ երբ դադարեց…
«Հրո երկիր» ժողովածու · 1914
…Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո—
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ։
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո։
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ։
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար1, կծկված հոգուս —
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ — երազ…
Ո՛չ մութ կար, ո՛չ լույս։ Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն։
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՛ւմ էին թևերը նրա…
1914
Ծանոթագրություններ
- 1 հոգևար — հոգին ավանդող, հոգեվարքի վիճակում գտնվող