Ճամփին
«Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածու · 1913
Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի մէջ միապաղաղ, ցուրտ ու թաց։
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ։
Օրորվում էր կառքը, վազում ու վազում։
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ։
Թոքախտավորկինն էր մոտիս դառն հազում։
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք։
Թոնն1 էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց։
Ագռավները անցնում էին քրքջալով։
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց։
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով։
Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն։
Գնում էինք։ Ո՞ւր — չգիտեմ։ Վերջ չկար։
Գնում էինք։ Անխոս։ Անձայն։ Ու անքուն…
Ծանոթագրություններ
- 1 Թոնն — անձրև, խոնավություն, թացություն