«Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր…»
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916
Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր։
Երկինքը — կապույտ, արևոտ, անհուն։
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում։
Դաշտեր ու դաշտեր։ Ու արևը — վառ։
Եվ կյանքը — անտես։ Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ։
Մի՞թե չգիտես։
Կգնամ մենակ։ Կյանքում, աշխարհում։
Եվ մի իրիկուն կմթնի ուղին։
Ու կվերջանա երկրային հեռուն —
Ճանապարհը հին։
1916
Թեմաներ