Տաղ արեւին
«Սեր» ժողովածու
Քեզ գիշերին մէջէն կ՚ոգեմ, մեծ Արե՛ւ,
Որ ամէն բան կ՚ընես ինքզինքը քեզմով,
Որ Աստուծոյ դէմքն ես կարծես մեր վերև՝
Անոր նման մենէ1 հեռու և մեր քով…
Քեզ գիշերին մէջէն կ՚ոգեմ, Արև հին,
Դուն գիշերին ալ հեղինակը միակ,
Ինչպէս Աստուած է ստեղծիչն ալ չարին,
Երբ դուն՝ աշխարհն, ու ան զմեզ կը մոռնաք…
Սակայն կ՚ոգեմ, կ՚ոգեմ, զքեզ, Արե՛ւ նոր,
Խոր գիշերին մէջէն, որ արդ պաշարէր
Է իմ հոգիս և անհամար հոգիներ…
Ու կը սպասեմ, ժողուած ուժերըս բոլոր,
Որ այս անհուն դաժան խաւարը ճեղքես,
Եվ բարձրանայ նորէն բոց մ՚ալ իմ սրտէս…
Ծանոթագրություններ
- 1 Մենէ — մեզանից