Անցնել բովանդակությանը

Իմ վերջին սերս...

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Իմ վերջին սէրս, օհ, այնքան առաջինին դեռ նման, Սիրտս դեռ տաք է քեզմով ու կը տանիմ քեզ հիմայ Զգուշաքայլ, երկիւղած՝ մոխրի մը պէս սրբազան Ուրկէ փիւնիկ1 մը յառնել ու դեռ տանջել զիս կրնայ… Իմ վերջին սէրս, օհ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր, Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև, Եվ մատնուած տանջանքի, երբ դեռ հազիւ կը բխէր Երգին աղբիւրը կուրծքէն, հազի՜ւ բացած էր ան թև… Ինչպէ՜ս անուշ եղար դուն և ան ինչպէ՜ս կրցաւ քեզ Խոցել բառով մը միակ, երբ մօտեցար քիչ մ՚իրեն, Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուէն… Եվ դու ինչպէ՜ս վերջին սէր, եղար խոնարհ, եղար հեզ, Ինչպէ՜ս անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար, Ինչպէ՜ս մնաց սրտիս մէջ քու մահու ճիչդ երկար…։

Ծանոթագրություններ

  1. 1 Փիւնիկ — առասպելական այն թռչունը, որ մոխրանում է և նորից յարութիւն առնում իր մոխրից
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14