Հայրենի զրոյցներով Արշակ ա-ի կոթողը
«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու
Ծովեզերքին վրայ կանգուն՝ կ՚երևի սիւն մը սպիտակ,
Որուն գագաթը մինչդեռ կը ծփծփայ ձիւնափառ,
Կը դիզուի աղտը տակաւ1 իր անպաշտպան ոտքին տակ,
Մարդը հոն խուխ2 կը նետէ և շունը՝ ժայթք անսպառ…։
Բայց լեռներէն հեռաւոր կը հասնի վեհ պարմանին3՝
Թեթևաքայլ, ամրազէն, բազուկներով օճառուտ4,
Եվ մարմարին լուսափայլ լանջքին վրայ անօգուտ՝
Մէկ հարուածով կը մխէ յանկարծ նիզակը փառքին…։
Գիշերուան մէջ կայծակներ գլխուն ճաճանչ թող սփռեն,
Եվ ամբոխներ երկիւղած զայն պաշտելու թող գան միշտ…
Մինչև որ օր մ՚ալ ահա՛ նոր ամբոխներ ամբարիշտ
Ալեաց ներքև գլորեն կոթողն ու փառքը իրեն…։
Ծանոթագրություններ
- 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց
- 2 Խուխ — թուք
- 3 Պարմանի — պատանի
- 4 Օճառուտ — ջղուտ՝ թևերի մասին
Թեմաներ