Գիշերին
«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու
Ինձ կը թուի, ո՜վ Գիշեր, որ լռութեանդ ու մութիդ
Կեցած կեդրոնը հիմայ՝ ես կ՚ողջունեմ անկէ վեր
Տարածասփիւռ1, խաղաղիկ, անվախճան Այգը վճիտ
Եվ թէ արդէն կը լընուն զիս դրախտի զեփիւռներ…։
Ինձ կը թըուի թէ միակ և առաջին ու վերջին
Մարդ արարածն եմ երկրի վրայ ապրած, ես Մարդն եմ,
Որ խաղալէ ետք մինչև հուսկ2 տեսարանն իր դերին,
Դէպ հեղինակն է դարձած ու կանգնած է անոր դէմ…։
Ետիս՝ ժխորն եմ թողած, յուզումն ու տենդը համակ,
Զոր տուի ես աշխարհին և որոնցմէ դուրս, տակաւ3,
Հանեցի ես վերստին, օրէնքին խօսքը յստակ…։
Խաղաղութիւնդ ու խորհուրդդ ու խորութիւնդ ալ անբաւ4
Ինձ կը թըուի, ո՜վ Գիշեր, թէ ա՛լ եղած են տարրերս
Ու կը մտնեմ քայլ առ քայլ Բացարձակէն հիմայ ներս…
Ծանոթագրություններ
- 1 Տարածասփիւռ — աշխարհովը մէկ ցրուած
- 2 Հուսկ — ի վերջոյ, ամենավերջը
- 3 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց
- 4 Ամբաւ (անբաւ) — անչափ, անհատնում
Թեմաներ