«Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման…»
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման.
Ես մի ղարիբ բլբուլի պես, դու ոսկե վանդակի նման.
Էրեսըս դի՛ վուտիդ տակըն՝ ա՛նց կաց փիանդազի նըման.
Երեսս դի՛ր ոտքիդ տակը՝ ա՛նց կաց ուղեգորգի նման.
Եա~ր, քիզիդ խօսիլ իմ ուզում՝ շահի իլթիմազի նըման.
Յա~ր, հետդ խոսել եմ ուզում՝ շահի պաղատանքի նման,
Աջայիբ սուրաթի տէր իս՝ ռանգըդ է գուլգազ1ի նըման։
Աննման պատկերի տեր ես՝ գույնդ է գուլգազի1 նման։
Եա~ր, մըտիլ իս բաղչի մէջըն, աջայիբ սէյրան իս անում.
Յա~ր, մտել ես պարտեզի մեջ, սեթեւեթ զբոսանք ես անում.
Շուղքդ արեգակի նըման է՝ տեսնողին հէյրան իս անում.
Շողքդ արեգակի նման՝ տեսնողին զարմանք ես անում.
Ջիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ՝ բիրեան իս անում.
Սրտիս մեջ կրակ ես գցել, վառվում եմ՝ խորված ես անում.
Վո՛ւնց մէ գօզալ չէ ունեցի էդ քու արած նազի նըման։
Ո՛չ մի սիրուն չի ունեցել էդ քո արած նազի նման։
Հէնց իմացի, եա~ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ.
Իմացիր, յա~ր, քո ստրուկն եմ, թանկ գնով գնված ծառա եմ.
Քու դըռանըդ նընգած ըլիմ, ով տեսնէ, ասէ՝ տուսաղ իմ.
Քո դռանը ընկած լինեմ, ով տեսնի, ասի՝ գերի եմ.
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, վո՛ւնց միռնում իմ, վո՛ւնց թէ սաղ իմ.
Սիրուցդ հիվանդացել եմ, ո՛չ մեռնում եմ, ո՛չ էլ ողջ եմ.
Ծովի պէս ուրղան իմ տալիս. գըժվիլ իմ Արազի նըման։
Ծովի պես հորձանք եմ տալիս, գժվել եմ Արազի նման։
Ով կու տեսնէ, ջունուն կու'լի՝ բարգ էրեսիդ խալ իս անում.
Ով տեսնում է, խենթանում է՝ բարկ երեսիդ խալ ես անում.
Էլ ջուքամըն դո՛ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում.
Վնասն էլի դու կքաշես, քանզի մահիս միտքն ես անում.
Եա~ր, յիս քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս անում,
Յա~ր, ես քեզ բարեւ եմ տալիս, շրջվում՝ աղմուկ ես անում.
Չունքի խօսքըդ անց է կէնում բէլլու շահանդազի նըման։
Քանզի խոսքդ անց է կենում նշանավոր խոսքի2 նման։
Սայաթ-Նովէն ասաց՝ գուլամ. չիմ լաց'լի, թէ ճար ունենամ.
Սայաթ-Նովեն ասաց՝ կուլամ, լաց չեմ լինի ճար ունենամ.
Էլ յիս կու քաշիմ էս ղուսէն՝ թուղ'լի ահուզար ունենամ.
Էս ցավն էլ ես կքաշեմ՝ թող որ հառաչանք ունենամ.
Եա~ր, քիզ վըրէն արք ունենամ, մէ լաւ իխտիար ունենամ.
Յա~ր, քեզ վրա արք ունենամ, մի լավ իրավունք ունենամ.
Առնում, տանիմ մէջլիսնիրըն՝ օսկէջըրած սազի նըման։
Առնեմ,3 տանեմ մեջլիսները՝ ոսկեջրած սազի նման։
իս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման.
Ծանոթագրություններ
- 1 գուլգազ — կարմրագույն բույս, գերմաստ։
- 2 Բնագրի «Բելլու շահանդազը» տարաբնույթ մեկնություններ ունի։ Հավանաբար, խոսքը Շահի ինչ — որ հայտնի ասացվածքի մասին է։
- 3 Առնեմ, — Բնագրի «առնումը» գրչի պարզ սխալ է։