«Շատ սիրուն իս, շախաթայի ասողին խար չիս անի…»
Շատ սիրուն իս, շախաթայի1 ասողին խար չիս անի.
Շատ սիրուն ես, շախաթայի1 ասողին չես խարանի.
Անջաղ գըցիս էշխի մէջըն, հիդ կ'էհաս՝ քար չիս անի։
Միայն թե գցես սիրո մեջ, ետ կերթաս՝ շահ չես անի։
Էշխըն հէ՛ստի կըրակ ունի՝ վո՛ւնց կու էրվի, վո՛ւնց կ'երթայ.
Սերն ա՛յնպիսի կրակ ունի՝ ո՛չ կվառվի, ո՛չ կերթա.
Թէգուզ նընգնիմ ծովի մէջըն՝ հովնալու ճար չիս անի։
Թեկուզեւ ընկնեմ ծովի մեջ՝ հովնալու ճար չես անի։
Բաս աշուղըն վո՞ւնց դիմանայ էդ քու տըված կէծակուն.
Բա աշուղը ո՞նց դիմանա էդ քո տված կայծակին.
Դուն ինքնակալ թագաւուր իս՝ բէհուբազար չիս անի։
Դու ինքնակալ թագավոր ես՝ սակարկություն չես անի։
Թէ՛վուր սարիրուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թե՛ որ սարերին հանդիպես, կհալես մոմի նման.
Թէ՛վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս՝ վար չիս անի։
Թե՛ որ քաղաք տեղ հանդիպես, կքանդես՝ շեն չես անի։
Իսկի բէհուբազար չունի շախաթայի չասողըն.
Վստահություն բնավ չունի շախաթայի չասողը.
Է՛նդու համա, Սա՛յաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի։
Ա՛յդպիսինին, Սա՛յաթ-Նովա, շատ ապավեն չես անի։
Էս դիվանի խիստ լաւն է. ովոր սովրի, օղորմի ասե: Հիմի գ՛ուզիմ, թե հայէվար ասիմ. ամէն Աստուաձ: Յիս՝ մղդսու վուրթի Արութինս, պստուց ինչորի եարսուն տարին գլուխ դրի ամենան խաղին, ամա սուրբ Կարապիտի կարողութէնով սովրեցայ քամանչէն ու չօնգուրն ու ամբուրէն:
Ծանոթագրություններ
- 1 շախաթայի — այստեղ՝ աշուղական երգի տեսակ է՝ օրհներգություն։ Կան բառի տարաբնույթ մեկնություններ. կարծիք կա, ըստ որի Շախաթային պարսից տիրակալ, բանաստեղծ Շահ Իսմայիլ-Խաթայու (1487-1524) գրական կեղծանունն է. բանաստեղծներին հովանավորող այդ շահը աստվածացվել է աշուղների կողմից։ Այստեղ «շախաթայի ասողը» նշանակում է օրհներգող։
Թեմաներ