Անցնել բովանդակությանը

«Յիս քու ղիմէթըն չիմ գիդի՝…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Յիս քու ղիմէթըն չիմ գիդի՝
Ես քո հարգը չեմ իմանում՝
Ջավահիր քարի նըման իս.
Ադամանդ քարի նման ես.
Տեսնողին Մէջլում կու շինիս՝
Տեսնողին Մեջլում ես շինում՝
Լէյլու դիդարի նըման իս։
Լեյլու պատկերի նման ես։
Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Աշխարհումըս իմը դո՛ւ ես,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Անգութ ես դու ու գութ չունես,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս՝
Նաբաթե շրթունքներ ունես՝
Ղանդ ու շաքարի նըման իս։
Ղանդ1 ու շաքարի նման ես։
Դադա պիտի թարիփդ ասէ,
Հանճար է պետք գովքդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ատամներդ լալ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է՝
Գույնդ ֆրանկի ատլաս է՝
Զար-ղալամքարի նըման իս։
Ոսկե բանվածքի նման ես։
Մազիրըդ նըման ռեհանի,
Մազերդ նման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Դու է՛լ ուրիշ միտք մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի.
Խղճա~ ինձ, հոգիս մի՛ հանի,
Մուրվաթով եարի նըման իս։
Գթառատ յարի նման ես։
Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին՝
Ո՞նց դիմանամ էսչափ չարին՝
Աչքէմէս կաթում է արին.
Աչքիցս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Սա՛յաթ-Նովա, նազան յարին2
Գընած նոքարի նըման իս։
Գնած նոքարի նման ես։

Էսպէս Արութ (ինի ասած) թասլիբ։

Ծանոթագրություններ

  1. 1 «Ղանդը» — շաքարի մի տեսակ է, ճակնդեղից շաքար ստանալու պրոցեսում միջանկյալ նյութ։ Վարդագույն քաղցր մասսա է։
  2. 2 Նազան յարին — այսինքն՝ նազան յարի համար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20