Անցնել բովանդակությանը

«Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Պատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում.
Պատկերդ՝ վրձինով քաշած, տեսքդ երփներանգ ես անում.
Էրեսիդ խալըն ծածկում է՝ մազիրըդ խափանգ իս անում.
Երեսիդ խալը ծածկում է՝ վարսերով փականք ես անում.
Բացվիլ իս կարմիր վարդի պէս, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Բացվել ես կարմիր վարդի պես, բլբուլի հետ հանգ ես անում.
Ակռէքըդ՝ օսկումըն շարած, պըռօշըդ մահանգ իս անում։
Ատամներդ ոսկում շարած՝ շուրթերով հղկանք1 ես անում։
Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կ'էհայ, կու բոլըրվի,
Երեսդ նոր լուսնի նման, քանի գնում, բոլորվում է,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Փարթամ վարսդ նամ չի ուզի՝ առանց հյուսել ոլորվում է.
Էնդու համա քու տեսնողըն իր ճանփէմէն կու մոլըրվի.
Դրա համար քեզ տեսնողը իր ճամփիցը մոլորվում է.
Յիփ մըտնում իս մէջլիսումըն, շանգ, շուխի, շաբանգ իս անում։
Երբ մտնում ես պարահանդես՝ երգ-կատակով խաղ ես անում։
Էրեսըդ տեսնելու գուքան քաղաք քաղքով, գիղ՝ գիղի պէս.
Երեսդ տեսնելու կգան քաղաք-քաղքով, գյուղ՝ գյուղի պես.
Միռնողըն քիզմէն կու առնէ անմահական դիղ՝ դիղի պէս.
Մեռնողը քեզնից է առնում անմահական դեղ՝ դեղի պես.
Յիփ տիղէմէդ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պէս.
Երբ տեղիցդ շարժվում ես, զրնգում ես ծնծղայի պես.
Ի՞նչ կ'օնիս սանթուր-քամանչէն՝ զուգսըդ չօնգուր-չանգ իս անում։
Ինչի՞դ են սանթուր-քամանչեն՝ զուգսդ չոնգուր-չանգ ես անում։
Ծուցիդ մէջըն վարդ, մանուշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Ծոցիդ մեջն վարդ, մանուշակ, սմբուլ ու սուսան ես շինել,
Քու տէրըն բաղըն ի՞նչ կ'օնէ՝ քու հուտըն ռեհան իս շինի.
Քո տերը այգին ի՞նչ կանի՝ բուրմունքդ ռեհան ես շինել,
Քամին մէջըն անց է կէնում՝ մազիրըդ ելքան իս շինի.
Քամին միջով անց է կենում՝ մազդ առագաստ ես շինել,
Աշխարհքըն՝ ծով, դուն մէջըն՝ նաւ, ման իս գալի, լանգ իս անում։
Աշխարհը ծով, դու մեջը նավ, ման ես գալիս, ճոճք ես անում։
Տասնէմէդ մէկըն չին ասի, թէգուզ աշխարհըս քիզ գովին,
Արժանիքդ չեն հասկանա, թեկուզ աշխարհը քեզ գովի,
Նովա՛փար, ծա՛ղիկ ծովային, մանո՛ւշակ՝ բաց արած հովին.
Նունու՛ֆար, ծա՛ղիկ ծովային, մանու՛շակ՝ բաց արած հովին,
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տա՛նէ Սայաթ-Նովին.
Բա քո սիրուն ո՞նց դիմանամ, ջուրը տա՛նի Սայաթ-Նովին,
Թէ տեսնողըդ մէկ էլ տեսաւ՝ դիվանա, դաբանգ իս անում։
Տեսնողդ թե մեկ էլ տեսավ՝ խենթ ու դիվահար ես անում։

ատկիրքըդ՝ ղալամով քաշած, թահրըդ ռանգէռանգ իս անում.

Ծանոթագրություններ

  1. 1 հղկանք — Բնագրի «մահանգը» փորձաքար է նշանակում, որով որոշում են ոսկու հարգը

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20