«Ձէնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս…»
Ձէնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս,
Քաղցր ձայն ունես դու, ա՛նուշ ես խոսում,
Նա՛ պահէ քիզ, ումնոր ծառայ իս, գօ՛զալ,
Նա պահի քեզ, ում որ ծառա1 ես, գո՛զալ,
Մէջքըդ ջէյրանի է, ռանգըդ՝ շաքարի,
Մեջքդ եղնիկի է, գույնդ՝ շաքարի,
Փըռանգըստանու էկած խա՛րա իս, գօզալ։
Ֆրանկստանից բերված դի՛պակ ես, գո՛զալ։
Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրէղէն է, կու մաշվի,
Կե՛րպաս ասեմ՝ շորեղեն է, կմաշվի,
Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Նո՛ճի ասեմ՝ ախր մի օր կտաշվի,
Ջէ՛յրան ասիմ՝ շատ մարդ քիզիդ կու եաշվի.
Եղնիկ ասեմ, շատ մարդ վրադ կու աշի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գօ՛զալ։
Բա ո՞նց գովքդ անեմ՝ շո՛ղակ2 ես, գո՛զալ։
Թէ մանուշակ ասիմ՝ սարէմէն կ'օսին,
Թե մանուշակ ասեմ՝ սարից է կասեն,
Թէ ջավահիր ասիմ՝ քարէմէն կ'օսին,
Թե ադամանդ ասեմ՝ քարից է կասեն,
Թէվուր լուսին ասիմ՝ տարէմէն կ'օսին.
Թե որ լուսին ասեմ՝ տարուց է կասեն.
Արեգագի նըման փա՛րա իս, գօ՛զալ։
Արեգակի նման հրա՛կ ես, գո՛զալ։
Գ'ո՛ւզիմ, թէ համաշա դըռանըդ գամ ուխտ՝
Կուզեմ թե շարունակ դռանդ գամ ուխտ՝
Աչքիրըդ, կա՛րմիր վարդ, նուր բացարած տուղտ,
Աչքերդ, կա՛րմիր վարդ, նոր բացարած տուղտ3.
Լիզուդ գըրիչ ունիս, ձեռըդ՝ գուլգազ թուղթ.
Լեզուդ հանց գրիչ է, ձեռքդ՝ ընտիր թուղթ.
Ծովէմէն դուս էկած զա՛րա իս, գօ՛զալ։
Ծովից դուրս եկած վառ ծաղիկ ես, գո՛զալ։
Սիրա սիրմըդ սըրտիս մէջըն ցանեցիր,
Հրիդ4 սերմը սրտիս մեջը ցանեցիր,
Նազ ու ղամզով, եա~ր, իմ հոգիս հանեցիր,
Նազ ու խաղով, յա~ր, իմ հոգին հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
Էս քո Սայաթ-Նովուն դու ըսպանեցիր.
Գըլխիդ էկած ղադէն առայ յիս, գօ՛զալ։
Գլխիդ եկած ցավը առա ես, գո՛զալ։
էնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս,
Ծանոթագրություններ
- 1 Ծառա բառը այստեղ տրված է ոչ թե ծառայող, այլ նվիրված իմաստով։ Թիֆլիսում ծառայողին կոչում էին բիճ կամ նոքար։ Տողի թարգմանությունն է՝ նա քեզ պահի, ում որ նվիրված ես, գոզալ /տես՝ Ն. Աղբալյան, Սայաթ — Նովայի հետ, Պեյրութ, 1966, էջ 186/։
- 2 շո՛ղակ — Բնագրի «մարա» բառը, որն ի դեպ ձեռագիր դավթարում սխալմամբ գրված է «մերա» առասպելական վիշապի գլխի թանկագին քարն է։
- 3 Տուղտ — ծաղիկ է։
- 4 Բնագրի «սիրան» բոց է նշանակում, այստեղից էլ պարսկերեն «սիրամարգ» բառը, որը համահունչ է ռուսերեն «жар — птица»-ին։
Թեմաներ