Անցնել բովանդակությանը

«Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա…»

Այս ստեղծագործությունը հասանելի է բնագրով (միջին հայերեն) և թարգմանությամբ (արևելահայերեն)
Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Աշխարհումս ա՛խ չեմ քաշի, քանի որ ջա՛ն ես ինձ համար.
Անմահական ջըրով լիքըն օսկէ փընջան իս ինձ ամա.
Անմահական ջրով լիքը ոսկե փնջան1 ես ինձ համար.
Նըստիմ՝ վըրէս շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Նստեմ՝ վրաս շվաք անես՝ մետաքս վրան ես ինձ համար.
Սուչս իմա՛ցի, է՛նէնց սպանէ՝ սուլթան ու խան իս ինձ ամա։
Մեղքս իմա՛ցիր, հետո սպանիր՝ սուլթան ու խան ես ինձ համար։
Մէջքըդ՝ սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Մեջքդ՝ նոճի-չինարի պես, գույնդ ֆրանկի ատլաս է.
Լիզուդ՝ շաքար, պըռօշըդ՝ ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Լեզուդ՝ շաքար, շուրթդ՝ մեղր, ակռեկքդ մարգրիտ-ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Ոսկում արծնապակի արած, աչքերդ ակնակուռ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա։
Պատվական անգին ադամանդ, լալ-բադեշխան2 ես ինձ համար։
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.
Ես էս ցավին ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտ ունեմ քարացած,
Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Արտա՛սուքս արյուն շինիր, խելքս՝ գլխումս շվարած3,
Նուր բաղ իս՝ նուր բաղչի մէջըն՝ բոլորքըդ վարդով չափարած.
Նոր պարտեզ ես՝ նոր այգու մեջ, բոլորքդ վարդով շուրջառած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս՝ սիրով սէյրան իս ինձ ամա։
Ման գամ շուրջդ բլբուլի պես՝ սքանչելիք ես ինձ համար։
Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Քո սերը ինձ արբեցրեց, ես արթուն եմ, սիրտս է քնած4.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաց.
Եա~ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ՝ աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Յա~ր, էլ ինչո՞վ քեզ գովերգեմ՝ աշխարհումս բա՛ն չմնաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա։
Ծովից դուրս եկած հրեղե՛ն նժույգ-ջեյրան ես ինձ համար։
Ի՞նչ կու'լի՝ մէկ հիդըս խօսիս, թէվուր Սայաթ-Նովու եար իս.
Ի՞նչ կլինի հետս խոսես, եթե Սայաթ-Նովի յարն ես.
Շուղքըդ աշխարհըս բռընիլ է՝ արեգագի դէմըն փար իս.
Շողքդ աշխարհը բռնել է՝ արեգակից էլ դու վառ ես.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարդ, մանուշակ, սուսանբար իս,
Հոտավետ հիլ, մեխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսանբար ես.
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։
Կարմրագույն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար5։

շխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.

Ծանոթագրություններ

  1. 1 փնջան — գավ, թաս,
  2. 2 Բադեշխան — վայր Հինդուքուշ լեռներում, որ հայտնի է լալ-սուտակի հանքերով։
  3. 3 շվարած — Բնագրում տողը մեկ ավել վանկ ունի։
  4. 4 քնած — Հակառակ պատկերով՝ մեջբերում է «Երգ երգոցից» /Բ։1/։
  5. 5 համար — Վերջին տողը համարյա բառացի մեջբերում է «Երգ երգոցից» (Ե։2)։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20