«Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի…»
Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի,
Դու է՛ն գլխեն իմաստուն ես, խելքդ հիմարին չափ մի՛ անի1,
Էրազումըն տեսածի հիդ միզի մէ հէսաբ մի՛ անի,
Երազի մեջ տեսածի հետ դու մեզ համեմատ մի՛ անի,
Յիս խօմ է՛ն գըլխէն էրած իմ, նուրմէկանց քաբաբ մի՛ անի,
Ես որ էն գլխեն վառված եմ, նորից նոր քաբաբ մի՛ անի,
Թէվուր, գիդիմ, բէզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Եթե, գիտեմ, շատ հոգնել ես, այլոց պատրվակ մի՛ անի։
Չըկայ քիզ պէս հուքմի-հէքիմ. դուն Ռօստոմի-Զալ՝ թաքա՛ւուր.
Չկա քեզ պես իշխանավոր, դու Ռոստոմի-Զալ՝ միակս2,
Ասկըդ ասկիրումըն գոված՝ հա՛մ դուն իս գօ՛զալ, թաքաւուր.
Տոհմդ տոհմերի մեջ գոված՝ և դու ես չքնա՛ղ, միակս,
Թէ էսանց էլ սուչ ունենամ, գլուխըս ա՛րա տալ, թաքա՛ւուր.
Թե ավելի մեղք ունենամ, տուր գլխատել ինձ, միակս.
Մըտի՛կ արա քու Ստիղծողին՝ նըհախ տիղ ղազաբ մի՛ անի։
Հայացք գցիր քո Ստեղծողին՝ անտեղի պատիժ մի՛ անի։
Եարալուն հէքիմն է՛նդուր գ'ուզէ՝ դի՛ղ տալու է, ցա՛ւ տալու չէ.
Վիրավորին բժիշկ է պետք՝ դե՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ.
Քանի գ'ուզէ արբաբ ըլի՝ ղուլըն աղին դաւ տալու չէ.
Որքան էլ որ ճորտը տանջվի՝ իր տիրոջը դավ տալու չէ.
Դուն քու սիրտըն ի՛ստակ պահէ, եադի խօսքըն ավտալու չէ։
Դու քո սիրտը մա՛քուր պահիր, օտար խոսքն հավտալու չէ.
Աստձու սէրըն կանչողի պէս դըռնէմէդ ջուղաբ մի՛ անի։
Մատաղի փող ժողվողի պես, ինձ քո դռնից դուրս մի՛ անի։
Ամէն մարդ չի կանայ խըմի՝ իմ ջուրըն ո՛ւրիշ ջըրէն է.
Ամեն մարդ չի կարող խմել՝ իմ ջուրը ո՛ւրիշ ջրեն է.
Ամէն մարդ չի կանայ կարդայ՝ իմ գիրըն ո՛ւրիշ գըրէն է.
Ամեն մարդ չի կարող կարդալ՝ իմ գիրը ո՛ւրիշ գրեն է.
Բունիաթըս աւազ չիմանաս, քարափ է, քարուկըրէն է.
Հիմքս ավազից չիմանաս, քա՛րափ է, քա՛րուկրեն է.
Սէլավի պէս առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։
Չցամաքող հեղեղի պես, դու իսկույն ավեր մի՛ անի։
Քանի գ'ուզէ քամին տանէ՝ ծովէմէն աւազ չի պակսի.
Որքան էլ որ քամին տանի՝ ծովիցը ավազ չի պակսի.
Թէգուզ ըլիմ, թէգուզ չըլիմ՝ մէջլիսնիրուն սազ չի պակսի.
Թեկուզ լինեմ, թե չլինեմ՝ մեջլիսներից սազ չի պակսի.
Թէ կու պակսիմ, քի՛զ կու պակսիմ, աշխարհիս մէ մազ չի պակսի.
Եթե պակսեմ, քե՛զ կպակսեմ, աշխարհից մեկ մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։
Սայաթ-Նովի գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։
ուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի,
Ծանոթագրություններ
- 1 Ն.Սղբալյանը հերքում է «սովետահայ» գիտնականների այն պնդումները, թե խաղը իբր վրաց թագավորին ուղղված սոցիալական բողոք է։ Նա գտնում է, որ այն ուղղված է Բանաստեղծի սիրուհուն։ «Թագավուր», «հուքմի — հեքիմ», «Ռոստոմի-Զալ» դիմելաձեւերը ամենեւին էլ չեն նշանակում, որ խաղը ինչ-որ տղամարդու է ուղղված։ Այդպիսի բառերով Բանաստեղծը բազմիցս դիմում է կանանց այլ խաղերում։ Ավելին՝ ըստ Ն.Աղբալյանի տղամարդուն երբեք չեն դիմի «գոզալ» մակդիրով, որ վիրավորական է։ (տես Ն.Աղբալյան «Սայաթ-Նովայի հետ», Պեյրութ, 1966)։ Անվերապահորեն ընդունում ենք մեծ գրականագետի կարծիքը (Ի.Ս.)։
- 2 Բնագրի «թաքավուրը» — թաքս, միակս բառն է։
Թեմաներ