Երգը
1901
Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ
Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե,
Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ՚ ազդեն ահ
Գունդեր հըսկա՝ կազմակերպված ծառերե։
Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ,
Գունդերուն մեջ հըսկա ւ՚ ահեղ ծառերուն,
Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ,
Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն։
Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի,
Խորհրդավոր լռության մեջ գիշերին,
Երգով մ՚ անշեջ, սիրով, հույզով, խանդով լի
Թաղել կ՚ ուզե կարծես սերերն իր սիրտին։
Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,
Առվակին ձայնն ալ կորսվի, կ՚ անհետի,
Բլրույն կատարն սուրբն ալ քունի մեջ թաղվի
Մասնակցելով մարդուն երգին սեւ սուգի։
1901, Օգոստ., Սվազ, Ս. Հակոբ