Աղերսանք
Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՜ւն, երազներու ծաղիկ դողդոջուն.
Դո՜ւն՝ որ գիշերին մեջեն մըթագին
Հծծեցիր պարերգն իմ տենչանքներուն։
Դո՜ւն՝ որ ժըպտեցար, դո՜ւն՝ որ կը ժպտիս,
Ինծի տուր կաթը խանդաղատանքին.
Կիրքե՛ր տուր հոգվույս, հըրայրքներ՝ սրտիս,
Տենդոտ պահերու հուզմունքներն հեշտին։
Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,
Նոր-նոր կսկիծներ ու ցա՜վ տուր ինծի.
Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր
Թող որ շուրջն հըրուտ երազանքս հածի։
Պահե՛ր մոլուցքի, տենդի վայրկյաններ,
Տո՛ւր ինձ երազին ոսկելար նարոտ.
Երջանիկ ըրե սիրտս՝ որ լըռին էր,
Եվ կյանքս՝ որ հիմակ հույզի է կարոտ։
Կաթեցո՛ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՜ւն, երազներու ծաղիկ հեշտալիր,
Դո՜ւն՝ որ գիշերուն մեջ հեծեծագին
Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…