Անցնել բովանդակությանը

Երազ օրեր

(Քանթիլեն)

Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու1 մ՚ինծի նըվիրեցիր. Ըզգացի թե տենդեր2 ունի Երազկոտ միտքըս ուշացիր3։ Խանդաղատանք4 մը հորդեցավ5 Իմ նըվաղկոտ6 լանջքիս7 տակ՝ ուր Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր։ Եվ ըղձակաթ8 իմ հեգ9 հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն10 արծարծուն11, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն12։ Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն13 անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ։

Ծանոթագրություններ

  1. 1 առտու — առավոտյան
  2. 2 տենդ — (փխբ․) Ներքին հուր՝ կրակ՝ ջերմություն, տաքություն, մեծ հուզմունք
  3. 3 ուշացիր — ուշքը ցրված, մտացրիվ
  4. 4 խանդաղատանք — քնքշության՝ գորովանքի զգացմունք, գորով, սեր
  5. 5 հորդել — բուռն կերպով արտահայտվել՝ դրսևորվել, հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել, առատանալ
  6. 6 նվաղկոտ — հաճախակի նվաղող՝ ուշաթափվող, թույլ, տկար, ուժասպառ եղած
  7. 7 լանջ — կուրծք, զգեստի այն մասը, որ ծածկում է մարդու կուրծքը
  8. 8 ըղձակաթ — որի մեջ իղձ է կաթել, որ իղձով, տենչանքով, փափագով է լցվել
  9. 9 հեգ — խեղճ, թշվառ
  10. 10 հուրք — հուր, կրակ
  11. 11 արծարծուն — արծարծված, բորբոքուն
  12. 12 ածու — բանջարանոցի կամ այգու այն մասը, որտեղ աճեցնում են սերմերը՝ հետո ուրիշ տեղ փոխադրելու համար, բանջարանոցի հատված, որ հատկացվում է մեկ տեսակ ընդեղեն ցանելու համար, տնկարան
  13. 13 հույլ — խումբ, բազմություն, փունջ

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Երազ օրեր» բանաստեղծությունը ծաղիկների և սիրո մասին։

Այն ջահել սիրո առաջին զգացմունքի մասին է՝ առավոտը նվիրված գարնանային կարմիր ծաղիկը դառնում է սիրո նշանը, որին հաջորդում են խանդաղատանքն ու համբույրի սարսուռը։ Հիշողությունը մնում է անամպ՝ առանց կասկածի որևէ ստվերի։ Բանաստեղծության հիման վրա Ռոբերտ Ամիրխանյանը գրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը՝ բանաստեղծության առաջին տողի անունով։ Երգը մնում է հայկական հանրահայտ երգացանկում՝ հայտնի է հատկապես Գոհար նվագախմբի կատարմամբ։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16