Անցնել բովանդակությանը

Ճիվաղը կանցնի

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Գիշերվան մեջ, փողոցներեն ամայի Կ'անցնի սարսափ մը թևին հետ հովերուն, Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան Աստղերուն մեջ ընկըղմած։ Շուն մը նըստած գերեզմնատան պատվարին՝ Քաղքին վերև միշտ կ'ոռնա, Ու երգին վրա խոշոր կատու մը ճերմակ Բուխերիկին տակե հանկարծ կուտա խույս՝ Կենալով մերթ ուշադիր Քայլի մըշտապ՝ որ թևին հետ հովերուն Կ'անցնի կ'երթա փողոցներեն ամայի. Կենդանացած կմախ մ'է, Կըմա՜խ մըն է լուսասփյուռ Քողի մը սև ալիքին տակ ծածկըված։ Գերեզմանի դեղին հողերն հորդառատ Կապիճներուն խոռոչներեն կը հոսին. Ու ծընոտները մսաթափ Լըռության մեջ կը կափկափեն չարախինդ։ Ջուրի նըման՝ ոսկորներուն մեջ քամին Հորձանապտույտ կը մըռընչե ու կ'անցնի։ Ճամբուն վըրա պառկող շուներն՝ ավելի՜ Ցռուկնին իրենց պոչերուն տակ կը թաղեն։ Գըլխուն վերև ճիվաղին Պատուհաններն շըռընդալից կը փակվին։ Ան միշտ կ'անցնի. գարշապարներն ոսկրակուռ Մայթերուն վրա կը հընչեն՝ Ազդելով դողը մահվան Տուներուն մեջ հոգիներուն կըծկըված։ Հոգիներուն դողահար։ Քողին ծալքերը քամիեն փըքուռույց Փողոցն համայն կը ծածկեն, Եվ, ագռավի թևերուն պես, կը ծըփան Պատերն ի վեր լուռումունջ. Եվ կըմախքին անրակներուն ընդմեջեն Կը ջըրվեժվին ժանտ թույներու փոշիներ։ Օդը աստղերը մինչև, Կը ժահրանա ու կը հեծե մահաբույր։ Իր ժանտաժուտ շունչին տակ Վար կը թափին, թիթեռներու պես մեռած, Հիր ծաղիկները նըռենվույն գեղեցիկ։ Ան միշտ կ'անցնի՜ կըրունկներով ոսկրակուռ… Պատուհանն պատուհան Ճրագներն ընդփույթ կը մարեն. Եվ գետակին սագերն, հանկարծ թևաբախ, Սարսափահար, սարսափահա՜ր կը կըռչեն։ Բայց չի՛ կենար, կ'անցնի՛ ճիվաղն ահավոր… Մերթ ծիծաղով դիվահար Բաց մընացած դուռե մ'երկար կը նայի, Ու երբեմն ալ կը մըտնե ներս։ …Տունն այն խեղճ՝ Որ փողոցին ծայրը լըքված առանձին՝ Իբրև վանդակ մ'հովերուն մեջ կը դողա՝ Տեսավ անցնիլն իր շեմեն Սարսափելի ճիվաղին, Որ բարձրացավ սանդուխներեն զաղփաղփուն, Ընտըրեց քաջն ամենեն՝ Որուն սըրտին բաբախյունները առույգ Կը լըսվեին լըռության մեջ գիշերվան։ Մահասփյուռ քողն՝ իր ուսեն Անոր վըրա տարածեց. Ու համբույրով մ'ահավոր, Անկողնին մեջ, խեղդեց պարմանը կարշնեղ։ Ժանտ շունչին տակ ածխացուր Արյունն, ու սիրտը լափեց… Հետո գընաց մըտնելու տուն մը ուրիշ՝ Անցքին վըրա թողլով բաց Հյուղակին դուռն, ու մարելով ներսն, ավա՜ղ Տանը ճըրա՛գը պըլպլուն։ Եվ դեռ նըստած գերեզմնատան պատին վրա Շուն մը կ'ոռնա քաղքին վերև անընդհատ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 70