17-21. Հովվերգություն մը
## Գարնան հյուղը
Ա
Դաշտին գոգը՝ արահետի մը եզերք՝
Հյուղակ մը կա կանանչներով ողողված.
Իր առջեւեն կ՚ անցնի ամեն տըվարած,
Ճնճղուկներուն կը կարկաջե հոն խմբերգ,
Ու տատրակներն ալ՝ ծիածան ուլերով՝
Քմշոտ գիծ մը կը գըծեն շուրջն երազե։
Ու պորերը, խոշոր շարժուն շուշաններ՝
Կ՚ երազեն մեջն ավազանին տաղին զով,
Ուր ծորակին մեներգն անվերջ կը վազե։
Մասրենիներ, վարդենիներ, մորիներ
Հոն, ձեռք ձեռքի, դարձպար մըն են բոլորեր.
Ծաղկանույշներ, ապրիմ-մեռնիմ, մանիշակ՝
Բուռ բուռ բերեր որմերուն տակ են ցաներ։
Թաղարներեն մեխակի հույլ մ՚ աչվըներ
Կը ժպտերգեն հյուղին հրճվանքն անապակ։
Օ՜հ, գաղջ ավիշն՝ որ չորս կողմեն կը պոռթկա՝
Ընձյուղներով, շաքիլներով անհամար.
Օ՜հ, արեւոտ խայտա՜նքն արբուն աղջըկա՝
Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,
Կուրծքեն գարնան՝ որ թեւերովն իր բաղեղ՝
Տարփո՜տ՝ հյուղին կը պլլըվի, ու հեղեղ
Կանանչով մը կու տա համբույրն իր դալար։