Երգ
Քո՚ւյր, մոտեցի՚ր կըրակին,
Ծըխե տերեւն այս բուրյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե հոտն արյան։
Քո՚ւյր, մոտեցի՚ր դարակին,
Ու բեր հեղուկն հընծանյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե համն արյան։
Քո՚ւյր, մոտեցի՚ր ճըրագին,
Մարե՚ զայն, թո՚ղ լուսինկան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե գույնն արյան։
Քո՚ւյր, մոտեցի՚ր նըվագին,
Երգե՚ դաշտերն ու ցորյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե ձայնն արյան։
Քո՚ւյր, մոտեցո՚ւր իմ ձեռքին,
Աստվածաբոցն հըրացան,
Զի ամե՜ն բան ինձ կրկին
Կը հիշեցնե վրե՚ժն արյան...