Անցնել բովանդակությանը

Տեսիլ

1907

Երբեմն ամպոտ երկինք մը՝ շո՜ւտ կը պարզըվի, Ու լեղակի լիճ մը կ՚ ըլլա՝ Հոգվույս շլացիկ ծովուն դիմաց։ Եվ իրարու կը ժպտին Լիճն այն լեղակ ու ծովն հոգվույս, Քույր ծաղիկներ աներկրային՝ Զոր մերթ հովի հոսանք մը կույս՝ Անզսպելի, ինչպես ալիք գորովի՝ Կը խոնարհե իրարու դեմ։ Ու լիճին վրա կապույտի, Կը բողբոջի հանկարծ կղզյակ մը բուստե. Ու կղզյակին վրա, երփներփուն Ամպիկ մըն ալ կը ցայտե, Անրջածին ամեն գույնով կը ծպտի, Ծաղիկ կ՚ ըլլա, թռչուն կ՚ ըլլա, կ՚ ըլլա նայվածք ու ժըպիտ։ Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթեւ, Կը թռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ։ Ու գունագեղ ամպին ետեւ Բուստ կղզյակին վրա ծըփուն՝ Չքնաղակա՜ն կ՚ երեւնաս դուն։ Ու տեսլական ձեւեր կ՚ առնե դեմքդ համբուն. Մազերդ՝ անթոշ նարկիս կ՚ ըլլան. Ճակատըդ՝ ձյուն կատարներուն՝ Զոր վարդագնեց արփն իրիկվան. Եվ աչքերըդ կ՚ ըլլան զույգ մը ծառուղիներ՝ Ուր կը ճըչե թռչնակն արձակ ու ճռվողուն Իմ Խայտանքիս. ու շուրթերդ ալ՝ Ոսկեզօծ եզրը բաժակին՝ Ուր կը հակին, Վարդ ու հարսնուկ, կակաջ, նարդոս, գարնածաղիկ, նունուֆար... 10 Ապրիլ, 1907

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 31