Անցնել բովանդակությանը

Սոնադին

Միջոցին մեջ կը թոշնի Լույսի ծաղիկը թրթռուն. Ըմպած մըռայլն ամպերուն, Տըխուր է ծովն աշունի։ Ցորեկներուն կը հակին Գորշություններն հոգվույս մեջ՝ Ուր գիշերվան երգը գեջ Լացավ թոնով մը մեկին։ Ամայության մը տրտում Կու գա ինձ ցավն երբեմնի. Եվ երազանքս անպատում Կը կոծկոծի՜, կ՚ արյունի։ Հովը կ՚ ոռնա խուլորեն, Ու գիշերը կ՚ երկարի՜. Ալիքներու ժըխորեն Ու սարսափեն խավարի։ Դալուկ սիրո մ՚ աշնային Կը կաթե դողն հոգվույս մեջ, Ուր հուրիներ կը նային Անրջածին, լուսամեջ։ Բայց կը վախնամ, որ նորեն Խուսափի՜ լույսն երազին, Ու մըշուշներ գաղտորեն Վայելքներուս շուրջ հածին։ Աղաղակ մը, մեջն հոգվույս, Արագորեն կը ձայնե Մահվան պարը սրտահույզ, Մեռա՜ծ է կույսը ձյունե։ Տարփատենչիկ, զաղփաղփուն, Աղջիկն է ան անուրջիս, Երազունակ ու փաղփուն Հոգին կանգնած է առջիս։ Ու կը տեսնեմ դեռ շողուն Փայլը սրտին իր նըսեմ. Մոգութենեն աչքերուն Հափշտակված կ՚ երազեմ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 36