Անցնել բովանդակությանը

Ճանապարհ խաչի

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Ո՛վ մատնված Հիսուս, Դուն որ փըշապատ գըլուխ մ'ունեցար՝ Գըթա՛ իմ գըլխուս. Դերաներըդ զայն քարկոծեցին հար Եկեղեցիին սալաքարերով։ Վերքերես բըղխող ըղեղս կերան Իշամեղուներն ամբարըշտության։ Տե՛ս, մազերուս վրա եղյամն է նըստեր. Ես շատ եմ տանջվեր։ Տառապա՛ծ Հիսուս, Դուն որ ունեցար արտասվող աչքեր՝ Գըթա՛ աչքերուս. Անոնք ավելի արտո՛սր են քամեր Քան թե խըմեր լույս։ Դագաղներու վրա Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ Բիբերս են ինկեր վիշտի հորի՛ն մեջ։ Տե՛ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր. Ես շա՜տ եմ տըքներ։ Ապտակվա՜ծ Հիսուս, Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ… Գըթա՛ ձեռքերուս. Ափերս են տաղեր պայտերով հրատապ, Եվ մատվըներես, ըստինքներու նման, Արյունս են կըթեր։ Դաստերս ճաթած են Կըրելեն երկաթ, հողը փորելեն։ Տե՛ս, եղունգներըս սիրտս են հոշոտեր. Ես շա՜տ եմ խոցվեր։ Թըքնըվա՜ծ Հիսուս, Դուն որ ունեցար ձաղկըված կողեր՝ Գըթա՜ կողերովս. Անոնք աղբյուսի վըրա են պառկեր՝ Եվ վիշտը քունեն ճանչցեր հաղթական, Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր՝ Իրենց քաղցն անոր տալով կերակուր։ Տե՜ս, փողոցի շուն մ'է կողըս պատռեր Շա՜տ եմ հալածվեր։ Մահապա՜րտ Հիսուս, Դուն որ բևեռված ոտքեր ունեցար՝ Գըթա՜ ոտքերուս. Արյուն սըրսկելով թափառեցան հար Ավերակներու եղիճներուն մեջ։ Զանոնք շըլըվաց ձեռք մը սիրական Ո՜չ մեկ լականի մեջ ասպընջական Ոտնամատերես կ'հոսին մոխիրներ. Ես շա՜տ եմ քալեր։ Ո՜վ խաչված Հիսուս, Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար՝ Գըթա՜ սըրտիս հույզ. Օր մոր անոր մեջ բաբախեց աշխարհ՝ Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կ'ապրի։ Սիրտըս սափոր մ'է, աճյունս՝ անոր մեջ, Զոր պիտի հովե՜րն առնեն մահես վերջ։ Տե՜ս, տե՜ս, սըրտիս վրա դաշույն մ'է խըրվեր, Ես շա՜տ եմ սիրեր։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 54