Դաշտերու տղան
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Ուշ ատեն դուն որ կը թողուս ա՛լ մարմանդ
Սիրտըդ սըրտին, ձեռքդ ձեռքին մեջ մորկանդ,
Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ
Վեր վերցուցած ծաղկալի փեշդ որ ինձի
Ցույց կու տա մերկ սրունքներըդ գույն բըրընձի,
Թո՛ղ, բա՛ց թևերդ փափուկ։
Գըրկե՛ հոգիս. ես օտար չեմ. չե՞ս տեսնար
Որ բացած է Բնությունը, մեր Մայրն արդար,
Իր մատերով բոցագույն՝
Սիրտս՝ ամենուն. սերս ամենուն կ'հոսի դեռ,
Սերս՝ որ ոսկի ճանկ մը կ'նետե վարեն վեր,
Ծաղիկներեն՝ աստղերուն։
Քեզ գըրկելու տենչ մ'հոգվույս մեջ կը հոսի,
Դաշտերո՜ւ տղա. չէ՞ որ եղբայր եմ քեզի
Մեր Մայր-Բնության կողմանե։
Բուրումներուն մեջտեղ գարնան դաշտերուն,
Կամ բլուրին վրա — ծաղկե՜ բագին — մեր անհուն
Տիրոջ մեր զո՞հը նույնն է.
Քեզմե՝ սըրտիկդ, ինծմե՝ քընարս։ Ո՛վ հոգիս,
Ճակտիդ համար համբույր մ'ունիմ շըրթունքիս.
Այդ համբույրովս հոգեծին
Կը ցանկամ որ — իղձ՝ զոր մեկուն դեռ չըսի —
Գեթ պահ մ'հոգիդ իմ հոգվույս մեջը սուզի
Ինչպես կարապը՝ լիճին։
Խոշոր աչքերդ որոնք մեն մի թարթափեն՝
Զիս իրենց մեջ կը նըկարեն ու կ'ավրեն,
Շուշան ճակատդ՝ որ մերին
Ճակատներուն ցոլք մը հավետ կը ձըգե,
Բերա՜նդ, այտե՜րդ արդյոք դաշտի ի՞նչ ծաղկե
Կամ ի՞նչ խունկով երկնային
Հորինված են։ Եվ քու հոգիդ փողփողէջ՝
Ինչպես կայծոռը վարդենվույն ծոցին մեջ
Զեփյուռներո՜վ կ'արծարծի։
Հողին հոտո՜վ խընկըված է քու արյունն,
Հողին հոտո՜վ ծըծած ես կյանք և ավյուն,
Դաշնակո՜ւմ մ'ես կարկաչի։
Հազիվ բացիր մեղույշ բիբերդ արևուն՝
Քաղքեն հեռու տեսար դաշտերը անհուն.
Օտար ձեռք քու երակներ
Շոշափած չէ։ Լերան կողին թաքթաքուր,
Դուն տորոնի ծաղիկ մըն ես՝ որուն բույրն
Ուրիշ բույր չի՛ խանգարեր։
Մեջդ եղծված չէ դրո՜շմն Աստուծո սըրբանվեր,
Զի սրբության՝ բնությունը չի վընասեր.
Շո՜ղ մ'ես, երբ զով մարգին վրա,
Շուքին, ծաղկին, ճյուղին մեջեն կը սահիս։
Ամեն ձորակ աշխարհ մ'է քեզ, ո՜վ հոգիս,
Քանի որ մեջդ Աստված կա։
Քեզ բնությունն է կազմած, կամ դո՜ւն ես բնություն,
Եթե ա՜յսօր — ներե՜ այս սև թառերուն —
Մահն հողին տակ լուծե քեզ,
Այտերըդ վա՜րդն առնե պիտի, սերդ լուսնակ,
Սիրտըդ պըլպուլն, երգըդ հովն, աչքերդ մանիշակ,
Հոգիդ երկինքն, արցունքդ… ե՜ս։
Թեմաներ