Փոշին
Ռուբեն Զարդարյանին
Շարքովն եզերված բարտիներու հոծ
Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,
Իրիկնամուտին, պայծառ, խորոտիկ,
Փոշիի պար մը կ՚ ելլե հողմակոծ։
Կ՚ ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր
Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա.
Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա
Նենգություններուդ, դավերուդ անլուր։
Եվ ինչպես հովը կը քալե արագ,
Փոշիի անթիվ ամպերուն բոլոր
Ցրվելով խառնակ տարրերը մոլոր,
Տիրապետումի հույզերով վայրագ։
Արհամարհանքիս հովն ալ անխընա
Պիտի ընդոտնե փոշին կեղծ սիրույդ,
Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուտ
Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա։