Անցնել բովանդակությանը

Խունկ ո արցունք

Շիթ մ՚ արցունքով՝ կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս՝ որ կ՚ անցնի անտես դռնե, Եվ երջանիկ՝ կը դընե ունկ Անդրաշխարհեն եկող ձայնին։ Աչքերուն՝ որ զինք կը դիտեն Կիրակմուտքի խունկին ատեն՝ Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին։ Եվ ամենուն կու տա բաժին՝ Ծուխեն ծաղիկ մը ծափելի։ Ու ցայգամուտն է հայելի՝ Ուր կը ցոլա բոցն աշխուժին՝ Լուսահոգի զվարթուններուն՝ Զորս* արբեցուց այս իրիկուն Շաբաթօրյա խունկն ու արցունք։ Մայրս ալեւոր չոքեր է ծո՜ւնկ... (* Ժողովրդական հավատալիք մը կ՚ ըսե, թե Կիրակմուտքի տնային խնկարկությանց միջոցին «լուսեղեններ»ը իրենց սիրելիներուն կայքերը կ՚ երթան, ակնկալու աչքերով, ստանալու համար իրենց ընծայված խունկն ու արցունքը, կամ հուսավրեպ, գլխիկոր ե՜տ դառնալու համար...։ Ժողովրդական հավատալիքը կ՚ ըսե ուրեմն, եւ ո՞վ պիտի չըսեր, թե հիշատակը կը վերապրեցնե հոգիները։ Եվ ի՞նչ ավելի հիշատակելի հիշատակարան՝ քան աստղաշիթ աստվածատուր արցունքն ու հոգեպարար վերամբարձ խունկը)։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 17