Լուսնակ քուրիկիս
Ա
Երեկ գիշեր մոռցեր էիր,
Լուսնա՜կ, գիտե՞ս,
Երեկ գիշեր մոռցե՜ր էիր պատուհանիկս իմ համեստ.
Պատուհանիկս իմ անտես՝
Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր։
Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի՝
Ուր պաշտանքի ո՚չ մեկ ծաղիկ կը թոռմի,
Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր։
Երեկ գիշեր անցար քովես,
Անցար, գո՜ւցե անգիտակ,
Անցար՝ եւ ես՝
Քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ՝
Ջուրի ցայտքի մը պես զըվարթ՝ հծծեցի։
Օ՚հ, պարտեզը չէ՜ մոռցեր,
Եվ արիշն ու սարբինան
Իր լույսերովն է օծեր։
Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան,
Լելակներուն վրա կապույտ,
Չքնաղ, պչրոտ ու անփույթ՝
Դաստակդ էիր երկարեր։
Ու դիտեցի,
Չէիր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի,
Չէ՚իր մոռցեր եւ ճամբաներն ամայի,
Չէի՜ր մոռցեր...
Չէ՚, այսօր ալ զիս մոռնայիր,
Եթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի
Արծաթեիր շուրջս անխըտիր
Ամեն դալար ու ծաղիկ։
Որովհետեւ ես քեզի
Մտքիս թեւո՜վն ալ կը հասնիմ երջանիկ.
Քանզի նույն իսկ եթե ըլլաս
Ամպին ետին ալ պահված՝
Ես կը հասնիմ անկասկած,
Քու պերճ կայքիդ՝ հեք իրերուն համար անհաս։
Ես կը հասնիմ անկասկած,
Քեզի՜, քեզի՜, քո՜ւյր աստված,
Եթե երբեք իմ հոգվույս
Լուսախորշին մեջ պահված
Վերջին նըշույլն ալ՝ անլույս
Խոռոչի մը ծոցն իյնա.
Վերջին նըշույլն այն ցոլքերեն՝ զոր գիշերներն եմ ժողված.
Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր...
Բ
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն
Սարսռացի լույսիդ մեջ երանական.
Եվ հոգիիս մեջ ինկան
Խայտանքի նոր թիթեռներ.
Ծիածանի սանդուխեն վեր՝
Նոր երանգներ տարորեն։
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն.
Մոռցըված երգի ծըվեն,
Կամ անուն,
Անհուշության ոլորտներուն
Միգամածին մեջ կորսըված՝
Դուն՝ ծաղիկներ ցնծության
Նըշուլեցիր հեղակարծ,
Հոգվույս մեկ փըլուզակին վերեւ,
Հինավուրց որմի մը բացատքեն։
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,
Մեկ լուսեղեն վայրկյանով,
Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն։
Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով,
Այս գիշեր, նորեն,
Պատուհանես ներս սահեցար հուլորեն.
Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ,
Եվ աշտանակն արույրե,
Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճըրագ։
Եվ ամեն մեկ հըպումիդ
Հոգի՜ս էր, որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ։
Ներե՚, ա՜հ, ներե՜,
Որ վայրկյան մը վերջ, հիմակ,
Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր,
Ըսելու համար թե քեզ չե՚մ մոռնար, թե քեզ չե՜մ մոռցեր...
Թեմաներ