Ջրտուք
Հոյ հո՜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված,
Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր.
Հոյ հո՜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր
Գաղջ տարփանքովն իր ջուրին՝ ուր արեւը կ՚ ապրի դեռ։
Հակուրջի մը առկախած գյուղակն անդին կ՚ օրորեն
Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ.
Վանքին բակը՝ կ՚ աղոթեն հսկա ծառեր տարորեն՝
Որոնց տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ։
Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ,
Պարտեզները՝ վերեն վար վազող ջուրին կըսպասեն.
Ա՜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն,
Ու լըռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ։
Գիշերային ջրտուքի ժամն է. լույսին մեջ կայնած,
Մըշակն անքուն կըսպասե՜, ոտքը բոպիկ, բահն ուսին.
Պարտեզներուն վրա կ՚ իջնե թեթեւ քողք մը միգամած,
Ու ծղրիդներ՝ լուսնակով արբշիռ՝ անվերջ կը խոսին։
Ու կ՚ երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին,
Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ.
Ավազին վրա ջուրերու կ՚ իյնա շառաչը վետվետ,
Խարույկները՝ ոսկեբաշ՝ ուրեք ուրեք կը վառին։
Հոյ հո՜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն
Եվ երգի քուղ մը կու գա պլլըված իր գոտիին.
Սյուք մը կ՚ անցնի, տերեւներ ծա՚փ կը զարնեն ցնծագին.
Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն։
Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անդադար կ՚ ոռոգե
Վարդենիքը, թըթաստանն եւ ածուները բոլոր.
Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե
Օձաճապուկ ձեւերով հեղուկ իրանն իր ոլոր։
Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան,
Ու, դարձուցե՚ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն.
Խիճերուն ու սիկին մեջ, բահերը՝ խո՜ւլ կը հնչեն,
Ու, դարձուցե՚ք, դարձուցե՚ք, կը կոչե ձայնն անխափան։
Աղջընակ մը, արիշին տակ նստած, շե՜ր կը կանչե,
Որ հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու գա.
Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն՝ որ դեռ կը հնչե,
Եվ հիմակ՝ թա՜ց՝ կը խոկա իր երկունքին ապագա։