Իրիկվան մեջ խորին...
Իրիկվան մեջ խորին,
Երբ օդահած կը թռչի,
Ծիրանեծաղիկ փետուր անուրջի՝
Հիր ճառագայթն արեւին՝
Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի։
Իրիկվան մեջ խորին,
Երանգներ երբ ջուրին
Մեջը մարմըրին,
Ու թանձրամած ժըխորին
Իյնան թեւերը մեկեն.
Իրիկվան մեջ խորին՝
Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ՝
Հովիկ նաժիշտն՝ իր ջուրին
Խաժ հանդերձը փոթելու։
Եվ իրիկվան մեջ խորին,
Ծանըր ինչպես ալելու,
Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ,
Դեռ համեցող հոտն ըսպիտակ
Գառնուկներուն՝
Որոնք հեռո՜ւն՝
Մըթնշաղին մեջ կ՚ իյնան
Բադիլներուն պես ձյունին։
Եվ իրիկվան մեջ խորին,
Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան,
Կարկաջն աղբյուրին,
Իր շրջակայքի
Հովանոցներուն մեջ կը պըտուտքի,
Հոն ծաղիկներուն ու տերեւին հետ,
Ըսպասելու որ ծագի
Լույսն առաջին լուսավորին։