Անցնել բովանդակությանը

Հյուղը

Դաշտի ճամբու մը վըրան, Կամ ըստորոտը լերան, Ուղեւորին ժամանման Ըսպասող հյուղն ըլլայի։ Ու գգվանքիս կանչեի Ես ճամբորդներն անժաման, Ու ճամբուն վրա մենավոր, Ու ճամբուն վրա ոսկեման, Եկվորներուն դիմավոր՝ Ծըխանիս ծուխն ամպեի։ Ու գրգանքիս կանչեի Ուղեւորներ պարտասուն, Ու բարեւի մը փոխան Հազար բարիք ես տայի։ Հազար բարիք ես տայի. Գոլը կրակին ճարճատուն, Կութքը բերրի դաշտերուն, Բոլոր միրգերն աշունի, Ու մեղր, ու կաթ, ու գինի... Ու լըսեի ես ցայգուն, Քովը կրակին ճարճատուն, Երգն իրիկվան եկվորին. Ու ջամբեի ես ցայգուն Երազներով պատարուն Նինջ՝ իրիկվան եկվորին։ Ու լըսեի ես այգուն, Սրտապատար ու տրոփուն Գովքն իրիկվան եկվորին. Ու դիտեի ես այգուն, Ու խոկայի օրն ի բուն Երթն իրիկվան եկվորին.... Ու ձմեռներն ալ համբուն, Հըրավիրակ զըվարթուն, Կանգնեի քովը ճամբուն. Ու ձյունապատ հեք մարդուն Ես հայրորեն, լայնաբաց Երկու թեւըս պարզեի. Մի՜շտ քաղցրագին, նյութացած Հըրավե՜րն ես ըլլայի։ Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜, Դաշտի ճամբու մը վըրան, Կա՚մ ըստորոտը լերան, Ուղեւորին ժամանման Ըսպասող հյո՜ւղն ըլլայի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 44