Հյուղին գարունը
Բ
Բերնիս քըսած էր բաժակը մեղրակաթ
Համբույրներու՝ նայադը ծով երազին.
Ու չըլըքած դեռ ափունքները ակատ
Շրթունքներու՝ քունես ընդոստ արթնցա։
Ու գրկիս մեջ գըտա առտուն լուսոռոգ.
Առտուն, մանուկ՝ որ զերթ ծաղիկ կը ցնծա՝
Եվ հոգիին կը բերե բույրն իր նորոգ։
Եվ ամեն կողմ երթալ ուզող զերթ մանուկ՝
Առտուն՝ իմ ալ թեւես բռնեց ու տարավ
Բըլուրեն վեր, դեպի դաշտերը տամուկ։
Եվ անապակ իր աչքերուն նայեցա,
Եվ աշխարհնե՜ր տըվավ հոգվույս իբր ընծա.
Հորիզոններ՝ ուր լույսն անհուն կը ցնծա։
Եվ հոտեւան ձեռքին եղա ուշադիր՝
Որ շեշտակի Գարնան Հյուղը ցույց կու տար,
Որուն դըրան առջին կանգուն կը խայտար
Ծաղկապատար Հյուղին Գարունն անպատիր։
Ծաղիկ մըն էր, ա՚ն ալ, փափուկ ու բուրյան.
Ծաղիկ՝ վարսերն ոսկինարգես՝ ու ծաղիկ՝
Թարթիչներն ու աչքեր, ճակատը շուշան,
Եվ այտերը կակաջ, բերնակն ատրուշան,
Թուշը շափրակ, այծտերեւի՝ իր ձեռքեր։
Եվ իր հոգին բուրմունքի հեշտ երգն ուներ,
Արփիացող, ջերմին ինչպես ծաղկանոց։
Ու կը կանչեր գունեղ Գարունն Հյուղին՝ զիս
Իր համբույրին՝ ինչպես նայադն երազիս...