Հյուղին աշունը
Ե
Այծամարդեր հովին քընարն են կապտեր,
Ու պարտեզին մեջ անդադար կը զարնեն
Խառնանըվագ եղանակ մը խոլական,
Որուն ջուրն ալ կը խառնե մերթ իր կերկեր։
Շահպրակները մընացեր են առանձին.
Լըճակին շուրջ, թաղարներու մեջ թիթեղ,
Ուր կայլակ մը կ՚ իյնա կարմիր, ամեն հեղ
Որ հովն անխիղճ ենթարկե ծառն իր ցունցին։
Հյուղն աներազ կու լա ժըպիտ մը դաժան.
Պատուհաններն՝ անվարագույր, անթաղար,
Տժգույն բաղձանքն ունին լույս ու կապույտի։
Ու ցավագին եւ անթարթիչ զերթ կոպեր,
Ուր անծաղիկ աշնան մը թուխպը խաղար՝
Հոն անանուն թախծություն մը կը փթթի։
Բայց, երիզված ժապավենով ճառագայթ՝
Ամպերու գորշ վիժակներուն ետեւեն՝
Կ՚ երեւա բիլ շարեշապիկ մը անգայտ՝
Որ երազել կու տա հյուղին, ոսկեղեն
Պերճությունը նոր գարունի մը կույսին...