Հովը
Ալիքներուն վրա ոստոստող հովն ըլլայի,
Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի՝
Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի
Սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր։
Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցիկ,
Ու ձյունին մեջ սառող մարդուն համար լայի.
Հովն ըլլայի՝ հողվրտիքին մեջ երգեցիկ՝
Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի։
Ձըմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,
Եվ անճըրագ խուղերու ճիչն հորձքիս ձուլած,
Անցորդներու հոգվույն վըրա փշրըվեի
Իբրեւ ալիք։ Ու տանեի հոն կոծն ու լաց
Տըղաբերին, որ հողին վրա կը գալարի
Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց
Մատաղատի, որդեկորույս մորն ալ՝ որուն
Տարիքին բոցն հոգվույն մուխին մեջ կը մարի...