Անցնել բովանդակությանը

Հովը

Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերարձակ աշունին. Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես Խաղընկեր մը՝ դըրան ետին մոռցըված՝ Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերարձակ աշունին։ Իր ետեւեն կը վազեմ ես շնչահատ, Ու շըվարուն ու հոգնած. Ինք խույս կու տա իմ գրգանքես, թեւերուս Պարապնդումն է դատարկ. Բայց անառա՜կ՝ երկու ձեռքես կը փախչի, Մինչ ետեւեն կը վազեմ ես շնչահատ, Ու շըվարուն եւ հոգնած։ Մինչեւ դաշտերը կը վազեմ հետապինդ, Մինչեւ անտա՚ռն իսկ կ՚ երթամ. Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս. Թուփին, ջուրին, տերեւին. Ու լըճակին գիրկը կ՚ իյնա, կամ տեսնես Ծառին կատարն է թառած։ Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ Մայր թուփերու քըղանցքին. Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած՝ Կը քրքըջա ինք անդին։ Շա՚չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս, Նույն վայրկյանին կը փախչի, Եվ ես ի զո՜ւր կ՚ իյնամ նորեն ետեւեն, Մինչեւ դաշտերը կը վազեմ հետապինդ՝ Մինչեւ անտա՚ռն իսկ կ՚ երթամ... Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ, Կռնակես վե՜ր կը մագլի, Կամ մազերըս կ՚ ուզե համրել, կամ հանկարծ Ուժգին մեջքիս կը փարի։ Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ՝ Վաղո՜ւց փախեր է արդեն, Ու չորս կողմըս կ՚ ավրըշտըկե ու վարդեն Կ՚ առնե անոր սակավարյուն շափրակներ. Ու, դարձյալ՝ երբ կը հեռանամ թիկնադարձ՝ Կըռնակես վե՜ր կը մագլի...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 38